Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրերը, անգամ ամուսնական մատանիները, որպեսզի կարողանա մի քանի կիլոգրամ ալյուր գնել երեխաների համար։ Այս պայմաններում էլ պետք է դիմագրավեն հակառակորդի օրավուր ահագնացող ճնշմանը։

Հայ մշակույթն ու դպրոցը միշտ էլ կիսել են մեր ժողովրդի ճակատագիրը, և տեղահան դարձած ու դեռևս թշնամու վերահսկողության ներքո գտնվող Բանազուր և Խանձաձոր գյուղերի բնակիչների նման Հադրութի շրջկենտրոնում են հաստատվել նաև նրանց դպրոցները, որոնց գումարվել է և վերջերս ավերված Քոչբեկ գյուղի դպրոցը։ Փոքր են դրանք, և կարելի է միացնել ու միջին մեծության մի դպրոց ունենալ, բայց ժողովուրդը դեռևս չի կորցրել վերադառնալու հույսը, ու առայժմ հայրենի գյուղերից որպես հոգևոր մի ամբողջություն մնացել են այս երեք դպրոցները։

Երբ Հադրութ էինք գնում, ռազմաճակատի Դրախտիկից մինչև շրջկենտրոն ընկած գծում հակառակորդը, հերթական անգամ խախտելով զինադադարը, անցել էր ընդհանուր հարձակման՝ գլխավոր թիրախ ընտրելով Դրախտիկը՝ նպատակ ունենալով վերջինիս գրավմամբ վերահսկել Ստեփանակերտ ու Մարտունի տանող ճանապարհները և Հադրութը կտրել մայրաքաղաքից։ Հակառակորդի տեղաշարժը նկատելով՝ առջևում գտնվող հերթապահողները կրակ էին բացել, միացել էին և դիրքերում գտնվողները, ու մարտն արդեն սկսվել էր։ Ֆիզուլու կողմից տեսնելով, որ չեն կարողանում կտրել ու վեր բարձրանալ դիրքերը բաժանող ձորակով՝ հետ քաշվեցին ու սկսեցին արկերով խփել դիրքերին։ Հետո վերստին առաջ եկան։ Ընդհանրապես նրանք այնքան զինամթերք ունեն, որ առանց հրետանային նախապատրաստության և զրահատեխնիկայի մասնակցության ոչ մի գրոհ չեն ձեռնարկում, իսկ ինքնապաշտպանության մեր ուժերը առանց վառելիքի, նայած թե որտեղ է ճնշումն առավել մեծ, այնտեղ են տեղափոխում մեր ունեցած այնքան քիչ ծանր զենքերը։

Արդեն պարզ էր, որ գյուղի պաշտպանությունը ցանկանում են ճեղքել այս կետից, ու մինչ կավարտվեր սկսված հրետանային նախապատրաստությունը, գյուղի պաշտպանները տեղ հասցրեցին