Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ

Արցախից վերադառնալուց հետո, երբ աստիճանաբար փորձում ես ձերբազատվել մահվան ու ավերի և գարնան ծաղկած ծառերի ճերմակ համապատկերում առավել կարմիր ցոլացող թափվող արյան շարունակ հալածող պատկերներից, քննական հայացքով իմաստավորել դեպքերի զարգացման ընթացքը և՝ թե վերջինիս որքանով է համարժեք Հայաստանի Հանրապետության արձագանքը, աչքերիդ առջև ակամա ուրվագծվում են առավել ճնշող պատկերներ։ Երբ Երևանում արդեն ընթերցում ես անցկացրածդ օրերի մասին հրապարակված հաղորդագրությունները, մեկ անգամ ևս համոզվում ես, որ լրատվությունը անկարող է հաղորդել արցախյան տառապանքը։ Մենք թեթևացած շունչ ենք քաշում, երբ լսում ենք, թե անցնող օրը համեմատաբար խաղաղ է եղել՝ գնդակոծումներից զոհեր և ավերածություններ չկան, այնինչ արտաքուստ հանգստություն ներշնչող այս տողերի հետևում էլ մարդկային խտացված տառապանք է, որովհետև առանց զոհերի ու ավերածությունների ընթացած գնդակոծումը նշանակում է, որ մարդիկ էլի մեկ օր նկուղներից են նայել վերևում բացվող երկնքին, տեղացող կրակահերթերի չափով էլ մայրերը բնազդորեն կծկվել ու ծածկել են նորածիններին կամ ձգվել դեպի մի քիչ հեռվում գտնվող երեխաները, կրակոցների ձայնից նկուղներից աղբյուր ջրի ճանապարհին մի քանի մազ ավելի է ճերմակել, և այսպես շարունակ... Իսկ զինադադարի հազվագյուտ օրերին խաղաղությունը վայելելու ժամանակ չկա, որովհետև ոտքով կիլոմետրեր ճանապարհ կտրելով՝ հարկավոր է սայլակով փայտ բերել անտառներից, գյուղերից մի պարկ հացահատիկ փորձել ճարել ու մտածել, թե ինչպես կարելի է այն աղալ, արդեն փլատակ դարձած շինություններից բերված բեկորներով մի