Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես աշխատավարձ ու կենսաթոշակ բաժանվի ժողովրդին, քանի որ տեղի սոցիալական ապահովության մարմինները ֆինանսավորման համապատասխան միջոցներ չունեն։ Նաև հարկավոր է խոստովանել, որ չնայած արվող աշխատանքին, այնուամենայնիվ, առավելագույնս չեն օգտագործվում փոխադրման հնարավորությունները։ Այսպես շարունակվելու դեպքում Արցախի համար Երևանում պատասխանատվության կրողները շուտով կհատեն այն սահմանը, ուր ավարտվում է անփութությունն ու անտարբերությունը, և սկսվում է ազգային դավաճանությունը։ Ասելիք շատ կա, պարզապես այդ ամենը մամուլով չէ, որ պետք է ասել։

Նաև ակամա մտածում ես, թե շատ միությունների կազմակերպած հանգանակություններն օգտագործվում են այնպես, ինչպես Հայաստանի համար նախատեսված միջազգային օգնությունը, որը մեր պետական այրերի չգիտես՝ անճարակության, թե գործակցության պատճառով օդակայանից փոխադրվում է սեղանիկների վրա։ Եթե չենք ցանկանում, որ Արցախի համար հավաքված դրամը, հագուստեղենն ու սննդամթերքը «ձեռքի հետ» գործածվի նաև այլ նպատակներով, ապա, իմ խորին համոզմամբ, պետական երկու կառույցներից՝ պաշտպանության նախարարությունից և հատուկ ծրագրերի պետական վարչությունից դուրս դրանք հարկավոր է հանձնել բացառապես Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

Մարաղայի ողբերգությունից մի քանի օր անց, երբ վերադարձա Երևան, մտածում էի, թե հարկավոր է սփոփել ամեն հանդիպողի, ասել, որ ինչքան էլ ծանր լինի կորուստը, այնուամենայնիվ, Արցախը դեռ կանգուն է, պայքարը շարունակվում է։ Շուտով, սակայն, ցավով համոզվում ես, որ աշխարհից առավել արդեն մեզ համար են սովորական դարձել Արցախից եկող ծանր լուրերը, հայկական կոչվող մեր հեռուստատեսությամբ շարունակվում է առևտրական կրքերի բորբոքումը՝ դրամով գնված շնորհավորանքների ու ապրանքային ծանուցումների միջև ընկած ժամանակահատվածում մի երկու տողով հիշելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների մասին, ու հասկանում ես, որ ժողովրդի ողնաշարը ուղիղ պահող լեռներն ու նրանց շուրջը փորված