Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կեսը, դրանից այն կողմ անտառներում և շրջակա մարգագետիններում ընկած ուժասպառներին մինչև բեռնատարները հասցնում էին ձիերով և էշերով։

Շահումյանից եկած գաղթ-քարավանի հետագիծը երևում է ոչ միայն կոխկռտված ցեխից, այլև ճամփեզրին թափված անկողիններից ու տնային կահկարասուց։ Ճանապարհի կեսից այլևս հնարավոր չի եղել դրանք բերել, երբ սպառվել են ծերերի ու երեխաներին գրկած կանանց ուժերը, և նրանց փրկելու համար տղամարդիկ բարձած ձիերից ու էշերից թափել են բոլոր իրերը և նստեցրել ուժասպառներին։

Մարդկանց տառապանքը կիսելու և նրանց ողբերգությունն ինչ–որ չափով ընկալելու համար գիշերը նրանց հետ մնում ենք այստեղ։ Չսառչելու համար մարդիկ փաթաթվում են իրար և գրկում անաուններին։ Գիշերային դադարը մարդիկ օգտագործում են ոչ թե հանգստանալու, այլ կորցրած հարազատներին որոնելու համար, որովհետև ծառերի ու մացառների միջով անցնելիս շարունակ կորցնում էին իրար։ Տեղացող անձրևի, լացի և իրար որոնելու աղաղակների մեջ, ընդհանուր գիշերային խավարում այս անտառն ասես լիներ մութ աշխարհի մի անհեթեթ մանրակերտ։

Առավոտյան ճանապարհ ընկնելով՝ ոչ պակաս աղետալի վիճակի ականատես ենք դառնում Հաթերքում, ուր տեղացիները փախստականների մի մասին օթևանելուց բացի ուրիշ ոչնչով ի վիճակի չեն օգնել, որովհետև մինչև բերքի դուրս գալը իրենք էլ են կիսաքաղց կյանք վարում՝ դաշտից հավաքելով կանաչեղեն։ Փրկության միակ միջոցը դարձել է Շահումյանից բերված մանր ու խոշոր անասունների մորթը։

Քանի որ շահումյանցիներին գումարվել են նաև Մարտակերտի մի քանի գյուղերից եկած փախստականները, նրանց բոլորին պարզապես հնարավոր չէ տեղավորել Հաթերքի և Գետավանի տներում, ու մարդիկ ապաստանել են գյուղխորհրդի, դպրոցի, մանկապարտեզի, պետական մյուս հաստատությունների շենքերում, որոնցից յուրաքանչյուրը վերածվել է մի փոքրիկ գաղթակայանի։ Անպաշտպանվածության զգացումը գրեթե խուճապի փոխվեց Թալիշի,