ՎԱՐԴԱՎԱՌԸ ԱՐՑԱԽՈՒՄ
Ինչպես 1918 թ. թուրքական բանակը, գրավելով մեր հայրենիքի ռազմագիտական գրեթե բոլոր կարևոր կետերն ու բերդաքաղաքները, եկավ հասավ Արարատյան դաշտ, ուր հայ զինվորները և գաղթական դարձած ժողովուրդը էլ չնահանջեցին, որովհետև թիկունքում Էջմիածինն էր ու Երևանը, այդպես էլ վերջերս Հյուսիսային Արցախը գյուղ առ գյուղ գրավող հակառակորդը հասավ մինչև Վաղուհաս, սակայն չկարողացավ առաջանալ, որովհետև Վաղուհասի թիկունքում Գանձասարն էր ու Ստեփանակերտ տանող խճուղին, որով օրեր շարունակ գալարաձև ալիքներով ընթանում էր իր գրավված պատմական բնօրրանից դեպի անհայտ հեռուները ձգվող գաղթականության ճանապարհը։ Տնավեր դարձած ժողովուրդը, Առաջաձորի մոտից անցնելով, գլխիկոր իր հայացքը մի պահ բարձրացնում էր վեր, նայում հեռվում երևացող Գանձասարին՝ Արցախ աշխարհի հոգևոր թագ նրա գմբեթին, սոսկում հնարավոր կորստյան համար, իր անզոր ցավի հեծեծանքներն ու անեծքը խառնում Խաչենագետի աղմուկին ու շարունակում ճանապարհը։ Կորստյան այս ցավը մարմնավորվելով՝ Վաղահուսից մինչև Դրմբոն ձգվող ռազմաճակատի աղեղնաձև գիծ դարձավ, ու վանքը չպղծվեց։ Գանձասարի աներերության հավատն այնքան մեծ էր, որ երբ անգամ ընթացող մարտերի որոտը արձագանքվում էր իր կամարների ներքո, այստեղից չհանվեցին նույնիսկ վանքի սրբությունները։ Հակառակորդը չկարողացավ մտնել Խաչենագետի հովիտը, որովհետև լեռնալանջն ի վեր ընթացող ուխտավորների ոտնահետքերը հրոսակների համար չէին գծել տաճար տանող ճանապարհը։ Հանուն այդ ճանապարհի անտրորելիության հայ զինվորները շարժվեցին առաջ երկու ճակատով՝ դեպի Հաթերք ու Կուսապատ։