ՌՈԻՄԲԵՐԻ ՏԱԿ
Արցախյան պատերազմում այսօր իրար են խառնվել երկինք ու երկիր։ Անգամ արցախյան հողը պատառող արկերն ու հրթիռները հիմա խաղալիք են թվում տեղացող ռումբերի առջև։ Վերջիններիս համար միևնույն է՝ անկման կետում և տարածված ավերի շառավղում հանդիպելու են մարդու՞, բացվող ծաղկի՞, քար ու թփի՞, արվեստի քարահյուս գործի՞, թե՞ բնակելի շինության։ Մինչև ռումբը «կընկղմվի» գետնի մեջ, այս ամենը նախ մի քանի վայրկյան առաջ ցնցվում է, ապա պայթյունից հետո գորշ զանգվածի վերածված վեր բարձրանում երկինք և մահաբեր մոխրի նման տարածվում երկրի վրա։ Մի քանի րոպե մարդիկ կարկամում են սարսափից, շուրջդ ծածկվում է անթափանց փոշով, ու եթե կարողանում ես գլուխդ թեքել և հակառակ ուղղությամբ նայել երկնքին, միևնույն է՝ արեգակը փոքրացած ու խեղճ է երևում։ Կարծես այս մոլորակի ուղեծրից դուրս գտնվող մեկ այլ համաստեղության համար է ուղարկում իր ճառագայթները։ Մի քանի րոպե անց մարդկանց պատերին ծեփող, ապակիները փշրող և մեքենաները շուռ տվող օդային ալիքի հարվածի հետ աստիճանաբար անցնում է ներսդ ալեկոծող սարսափը, ու պարզվում է, որ շուրջդ կյանքը ավերակների կույտ է դարձել։ Լսվում են դեկտեմբերյան երկրաշարժից մեզ այնքան ծանոթ փրկություն աղերսող աղաղակները, փլատակների փոշին արյան մածուցիկ ցեխի վերածող բարակ վտակներ են գոյանում, որոնց ակունքները արդեն անշնչացող մարմիններն են։ Խելակորույս վազքով նախ այստեղ են նետվում հարազատներին որոնողները, սլանում են շտապօգնության մեքենաները և «լավ կադրերը» ձեռքից բաց չթողնելու ու րոպե առաջ նկարահանելու մտահոգություն ունեցող օտարերկրյա հեռոատալրագրողները։ Վերջիններիս