Արցախը հնարավորություն է տալիս մոտեցող մահը որոնել ոչ թե դերասանների ծամածռվող դիմագծերում, այլ վիրավորների ջղաձիգ ցնցումներում։
Ինչպես երկրաշարժը վերապրածներին երկար ժամանակ սարսափ էր պատճառում անգամ անցնող տրամվայից գետնի ցնցվելը, այնպես էլ այսօր Արցախի երեխաների աչքերի բիբերը սկսում են անբնականորեն խոշորանալ երկնքից եկող օդային յուրաքանչյուր ալիքից ու տատանումից՝ լինի դա ամպրոպ, եկող ուղղաթիռի հռնդյուն թե ուժեղ քամի։ Արցախում այսօր մարդիկ անգամ կորուստն ու ավերը ողբալու ժամանակ չունեն։ Մեկը ալյուր է որոնում սովից ու վախից ուժասպառ երեխաների համար, մյուսը շրջակա անտառից սայլակով փայտ է քարշ տալիս բերում, երրորդը շտապում դիրքերը՝ հերթապահության։ Ու մահվան սպասումը կյանքի առօրյա դարձրած՝ ապրում են մարդիկ, եթե, իհարկե, այդպես ապրելը կարելի է կյանք համարել։
Որքան մոտ ես պայթյունի վայրին, այնքան ուժեղ ես զգում հարվածային ուժը, որքան հեռանում ես, այնքան խորն ես ընկալում հողի խուլ տնքոցը։ Այն զգալի է անգամ մեքենայում։ Օգոստոսի 22-ին, երբ «Վիլիսով» մեկնում էինք Չլդրան ու Դրմբոն, դեռևս Խոջալու չմտած՝ հանկարծ վարորդը միանգամից արգելակեց՝ ասելով՝ հողը ցնցվեց, երևի Ստեփանակերտին էլի խփեցին։ Ետ դարձանք ու քաղաք չհասած՝ նկատեցինք փոշու արդեն ցրվող սյունը։ Այդ սյան և Մարտակերտից դեպի Ստեփանակերտ առաջ սողալ ձգտող ռազմաճակատի գծի միջև մոլորված կանգնած իրենց ճակատագիրն էին անիծում տնավեր դարձած փախստականները, որոնց համար առջևում ռմբակոծվող քաղաքն էր, ետևում՝ թշնամին։ Մի քանի գյուղեր ընդգրկող տեղահանության այս դժբախտաբար սովորական դարձող հերթական ալիքը կապված էր Դրմբոնի վրա ծավալված հարձակման հետ։ Այդ գյուղը այսօր ռազմաճակատի առաջին գիծն է և կարևորագույն կետը այժմյան մարտական գործողություններում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը ամեն գնով ձգտում է գրավել այն։ Վերջինիս տիրանալը