Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՑԱԽԻ ԵՌԱԳՈՒՅՆԸ


Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության բախտորոշ պահերին գտնում է իր միայնակ հերոսին, որը կա՛մ հաղթում է չար վիշապին, կա՛մ էլ հափշտակվելով նրանից՝ մութ աշխարհ է տարվում, սակայն ժողովրդի սրտում ապրում է իբրև ոգեղեն մի հուշ՝ լույսի ակունքին՝ ազգային անկախությանը հասնելու ճանապարհին։ Արցախյան շարժման այդ գլխավոր հերոսը դարձավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ հանգուցյալ Արթուր Մկրտչյանը, որից այս աշխարհում մնացած ոգեղեն հուշն էլ մարմնավորվեց իր իսկ մտահղացմամբ ստեղծված Արցախի եռագույնում։

Հասկանալու համար, թե ինչպես մտահղացվեց այդ եռագույնը և ինչ պայմաններում ծնվեց ու ինչ է խորհրդանշում, հարկավոր է հիշել Արթուրի կյանքի վերջին երեք ամիսները, որոնք համընկան Արցախի դաժանագույն ձմռան հետ։ Դեկտեմբերին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Նոր տարվա նախաշեմին քայքայված կայսրությունը, լվանալով իր ձեռքերը և բորբոքելով պատերազմի հրդեհը, մի կողմ քաշվեց՝ Արցախը թողնելով լիակատար ցամաքային շրջափակման, իսկ Ստեփանակերտն էլ՝ կրակե օղակի մեջ, և ավերվող քաղաքում ու աշխարհի փարիսեցիական ցավակցության մեջ Դու մարմնավորում էիր պետականությունը ոչ մեկի կողմից չճանաչված և բոլորի քաղաքական հաշիվներում որպես զոհ ընդունված պետական մի միավորի։ Ծանրագույն բեռ էր ընկած ուսերիդ՝ կրել պատասխանատվությունը իր լեռները իր բնական սահմանները դարձրած ժողովրդիդ, որը, հակառակ աշխարհի հզորների կողմից միջազգային չափանիշ ընդունած սահմանների անխախտելիության սկզբունքի, ձգտում էր ջնջելով վարչաքաղաքական բաժանումները, լեռնաաշխարհագրական իր միասնությունը հաստատել Մայր երկրի հետ։