եկածները վախենում էին, թե կարող է հանկարծ ուշանան և մինչ իրենց նկարահանումները արդեն հողին հանձնած լինեն ողբերգության զոհերին։ Դառը մի հեգնանքով ասացիր, թե այնպես են խոսում, ասես դրսում կարտոֆիլ է փչանում։
Ժողովրդիդ ողբերգության մեջ նրանք «լավ կադրեր» էին որոնում, աշխարհը՝ իր շահը՝ ավելի խորացնելով այդ ողբերգությունը, իսկ քաղաքական գործիչ ազգակիցներդ էլ՝ իրենց կուսակցական-քաղաքական հաշիվները։ Քո ցավը, սակայն, ուրիշ էր, և դա Քեզ չներվեց։ Քեզ չներվեց, որ օրդ անցնում էր Արցախի տարբեր գյուղերը գնալով և ոչ թե միջազգային շրջագայություններով, որ Քո միակ կողմնորոշումը հայրենիքդ չվտանգելու քաղաքականություն վարելն էր և որ Դու ո՛չ որևէ կուսակցության հավատարիմ զինվորն էիր և ո՛չ էլ որևէ շարժման պիոները։ Այս պատճառով էլ հայոց Արշակ և Պապ թագավորների նման Դու էլ, շարժելով արևելքի ու արևմուտքի զայրույթը, միայնակ մնացիր՝ լքվելով նաև սեփական հաշիվներն ունեցող նախարարներից՝ այսօրվա մեր քաղաքական կազմակերպություններից։
Դժվար է ասել՝ ավերվող ու հրդեհվող քաղաքում ռազմաճակատից եկող ամենօրյա ծանր լուրերի ազդեցությա՞մբ դողաց ձեռքդ, թե՞ դիմացից խփողի ձեռքն էր ամուր և հարվածը՝ անվրեպ, սակայն Դու գնացիր այս աշխարհից՝ Քեզ հետ տանելով մարմնիդ բացված մի վերք և մեզ թողնելով հոգուդ երազը՝ հայրենիքիդ կոտորակված եռագույնի միացումը մայր եռագույնին։
Դու չտեսար Շուշիի ազատագրումը, մուտքը Բերդաձոր և չտեսար երազիդ իրականացումը՝ հայոց երկու եռագույններն իրար միացնող միջնորմի ջնջումը մեր զինվորների թափած նվիրական արյամբ։ Բարեբախտաբար չտեսար նաև Հյուսիսային Արցախի անկումը, որի ողբերգության հնարավոր հետևանքները մինչև այժմ էլ չենք ընկալել, այլ բավարարվել ենք լոկ Մարտակերտից դեպի Ստեփանակերտ ձգվող ճանապարհին «լավ կադրերի» նկարահանմամբ։
Հիմա հեռահար հրետանուց էլի հրետակոծվում է Ստեփանակերտը, ռազմաճակատային կնիքն իր փողոցներում կրող քաղաքում