Արծվաշենի ողբերգությունը հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամին հավելեց նաև ռազմականը։ Ելք որոնելու ճանապարհին ուրվագծվում է երկու տարբերակ՝ ազգային և միջազգային։ Ազգայինն ընտրելու դեպքում հարկավոր է ջոկատային-տղերքային մակարդակից անցում կատարել կանոնավոր բանակի, հանրապետությունում կարգ ու կանոնի հաստատմամբ վերջ տալ ազատ ձեռներեցությամբ ծավալված գործարար թալանին ու վարել այնպիսի մի քաղաքականություն, որը լինի ոչ թե ամերիկյան շահերի կովկասյան հավելվածը, այլ բխի մեր ազգային շահերից։ Այս տարբերակը, վերածվելով հոգևոր վերածնության նախադռան, կպահանջի համայն հայության մտավոր, բարոյական և ֆիզիկական ուժերի ողջ լարումը։ Երկրորդ տարբերակը արցախյան հակամարտության միջազգայնացումն է։ Այն հնարավորություն կտա ավանդաբար ռուսական ազդեցության ոլորտ համարվող Այսրկովկասի գործերին միջամտել ազգային հատկանիշի հաշվառմամբ տարածքային որևէ փոփոխություն չընդունող արևմուտքին։ Այս երկրորդ տարբերակից է բխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պահանջը։ Այն կործանարար կարող է լինել մեզ համար, քանի որ հայանպաստ որևէ որոշման չհանգեցնելով՝ կբազմապատկի նաև Ռուսաստանի թշնամանքը։ Վերջինս իր տնտեսական և քաղաքական այլազան լծակների օգտագործմամբ և Ադրբեջանի միջոցով հասցվող տարբեր հարվածներով շարունակ հասկացնելու է, թե նախկին կայսրությունը որքան էլ քանդվի, մենք դեռ երկար ժամանակ գտնվելու ենք իր ազդեցության ոլորտում։ Եվ դուրս գալու յուրաքանչյուր փորձ ավարտվելու է նորանոր կորուստներով։ Դրանք կանխելու համար նախ հարկավոր է հասկանալ,