դրանց բարձած փրկել ունեցվածքի մի չնչին մասը, ով չուներ՝ տեղ հասավ երեխաներին գրկած։
Նայելով անտառից անմռունչ, իրենց ճակատագրին համակերպված դուրս եկողներին՝ զգում էիր, որ այս մարդիկ գալիս էին ոչ թե մի քանի տասնյակ կիլոմետրերից, այլ հայոց պատմության խորքերից՝ ջարդի ու փախի ճամփաներից։ Եղած անասուններին էլ բարձված էր ամենաանհրաժեշտն ու նվիրականը։ Ժանապարհի հացից ու անկողնուց բացի, մնացյալը գորգերը, նախշազարդ ակոսավոր պապենական հրացաններն ու դրվագազարդ իրերն էին։ Գաղթի ճամփաներին հայը էլի փրկում էր իր մշակույթը և հայրենիքից մնացած հիշողությունը՝ կիրառական արվեստը։ Նայելով, թե ինչ վարպետությամբ են կապկպված ու իրար վրա շարված այդ ամենը, զգում էիր, որ ճանապարհ է ընկել գաղթելու հարյուրամյակների փորձ ու ավանդույթ ունեցող ժողովրդի մեկ հատվածը։ Հավատարիմ իրենց խաչին՝ նրանք եկան ու տարածվեցին Ստեփանակերտի կիսավեր շինություններում, հրապարակներում։ Հայրենի օջախների պատշգամբներում պտտվող իլիկը ավանդույթի ուժով իր ընթացքը շարունակեց Ստեփանակերտի հյուրանոցի միջանցքներում, մինչև կտրված թելի մի վերջին պտույտով մի կողմ ընկավ Արցախից Երևան ու այստեղից էլ նախկին Միության տարբեր կողմերը ձգվող ճանապարհին։