և Էրքեջ գյուղերի հետգրավմամբ, որովհետև մինչ խռովությունը այստեղ էր լուծարվել զինվորական պարետատունը և փլուզվող կայսրության բանակին այլևս ոչ ոք չէր կարող մեղադրել արյունահեղությունը չզսպելու համար։ Մի քանի օրվա ընթացքում Շեֆեկ ու Զեյվա գյուղերից սկսված հրետակոծությամբ ավերակ դարձան Կարաչինարը, Գաղթութը և Մանասաշենը։ Հակառակորդի հետևակի հարձակումը սկսեց ընթանալ զրահատեխնիկայի աջակցությամբ, որին էլ նախորդում էր հրետանային նախապատրաստությունը։ Նախկին կենտրոնը, թեև ելնելով իր քաղաքական շահերից, զենքի մատակարարմամբ կարող էր խեղճացնել հակամարտ կողմերից որևէ մեկին, սակայն իրենց վարած գործողություններում հիմա երկու կողմերն էլ ազատ էին։ Այսինքն՝ կայսրության քայքայումը հասել էր այն աստիճանին, երբ հանդուրժելի էր ազգային մեկ միատարր շրջանի հանձնումը նրան կլանել ձգտող հանրապետությանը, սակայն այդ կայսրությունը դեռևս չէր կարող հանդուրժել իր պետական ֆեդերատիվ կառուցվածքի թեկուզ և հանրապետական մեկ միավորի՝ ԼՂԻՄ-ի լուծարումը։
Այս պատճառով էլ եթե Շահումյանում ամեն ինչ որոշվում էր փոխադարձ մարտական գործողություններով, որոնք վարողների միջև որևէ միջնորդ չկար, ապա բուն մարզում այդ միջնորդն է զինվորական պարետությունը, և վերջինիս հետ էին հարաբերվում երկու կողմերի գործողությունները։ Մարզի սահմանները հսկում էին զինվորականները, և պաշտպանական գիծը դեռևս չէր վերածվել հետ ու առաջ ձգվող ռազմաճակատի գծի։ Այս պայմաններում հակառակորդի խնդիրը որևէ գյուղ գրավելը ու պահելը չէր, այլ անակնկալ հարվածով հնարավորին չափ շատ մարդ սպանելը, տները հրկիզելը ու արագ հետ քաշվելը մինչև զինվորականների հասնելը։
Երկու կողմերն էլ իրենց մարտական գործողությունների ծրագրերը կազմելիս հաշվարկում էին, թե շրջկենտրոններից երբ կհասնեն զինվորական զրահամեքենաները և պատասխան կրակ կբացեն իրենց վրա։ Եթե քաղաքական նկատառումներով հակամարտությունը առավել սրելու նպատակով պարետությանը