երբեմն հանձնարարվում էր չմիջամտել, ապա միևնույն է՝ վերջինիս գոյությունն իսկ զսպիչ գործոն էր մեծամասշտաբ գործողությունների դեմ։
Մինչ 1990 թ. կեսերը կողմերից որևէ մեկին պատմելու համար կենտրոնական իշխանությունները պիտի փոխեին ժողովրդագրական հաշվեկշիռը Արցախում, առավել դաժան դարձնեին տնտեսական շրջափակումը կամ էլ պարբերաբար անձնագրային ռեժիմի ստուգումներով և ահաբեկումներով պարտադրեին, որ հանգուցակետային որևէ գյուղի բնակիչները թողնեն իրենց տները, իսկ տեղահանությանը օրինականություն հաղորդելու համար հարկավոր էր ձևակերպել լքվող տների «կամավոր» վաճառքը ադրբեջանցիներին, ինչպես դա արվեց նույնիսկ բացահայտ հարձակման ենթարկված գետաշենում։ 1991 թ. երկրորդ կեսից, սակայն, համանման որևէ գյուղ վերացնելու համար այդ ամենի փոխարեն բավական էր հակառակորդին տրամադրել զենիթային մեկ հրանոթ։ Այն, ինչ անթույլատրելի և անպատկերացնելի էր «սովետական երկրում», միանգամայն բնական էր վերակառուցման ալիքներից տարուբերվող կայսրությունում։ Անցյալ տարեվերջին էր, երբ փլվեց այն ու միաժամանակ լուծարվեց մարզային պարետությունը։ Հանվեցին հակամարտ կողմերին թեկուզև խորհրդանշորեն սանձահարող Ստեփանակերտի գունդը ու Հադրութի շրջանի սահմանապահ ուղեկալը, և Արցախը միայնակ մնաց Ադրբեջանի դեմ՝ ապավինած իր լեռներին։
Սկսվեց իսկական պատերազմը, որի թեժանալը ուղիղ համեմատական էր նախկին Միության հանրապետությունների ձեռք բերվող առավել մեծ ինքնուրույնությանը։ Արցախի սահմանները վերածվեցին ռազմաճակատի գծի։ Հասկանալու համար, թե հակառակորդի բազում գրոհներ հետ մղած այդ գիծը, որը առաջ գնալով դարձավ Արցախը Հայաստանին կապող ճանապարհ, ինչու անակնկալորեն տեղի տվեց՝ թշնամուն հանձնելով Շահումյանն ու Մարտակերտի կեսը, հարկավոր է հետևել այս տարվա հունվարից հուլիս կատարված մարտական գործողություններին։