Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչ Շահումյանի ու Մարտակերտի անկումը, մեր ջոկատները փաստորեն հետ էին մղում հակառակորդի թեկուզև անհամեմատ լավ զինված, սակայն համանման ջոկատների հարձակումները, որոնք կռվող կողմերի դիրքերի միջև ընկած ճանապարհներով առաջ ձգվող ճակատային գրոհներ էին ու կատարվում էին մեկ կամ մի քանի ուղղություններով։ Հարձակումների նման գործելակերպը ստեղծել էր պաշտպանական համանման կառույցներ՝ յուրաքանչյուրը կազմված մի քանի բնակավայեր ընդգրկող գյուղախմբից։

Վարչականորեն լինելով մեկ ենթաշրջան՝ ժողովրդական բնորոշմամբ էլ այն անվանվում էր որևէ անուն կրող ձորակի գյուղեր։ Ենթաշրջանը կամ ձորակը, ռազմաաշխարհագրական տեսանկյունից կազմելով մեկ ամբողջություն, որոշակի բնական կտրվածությամբ առանձնանում է հարևան ձորակից։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր հրամանատարը և պաշտպանությունը ու լիովին արդարացնում էր իրեն ջոկատային կռիվների ժամանակ։ Սակայն հրավիրված զինվորական մասնագետների եռանդուն մասնակցությամբ Ադրբեջանը ստեղծեց ոչ միայն տեխնիկապես հագեցած, այլև մարտավարական ունակություններ ունեցող մի բանակ, ուր արդեն ոչ թե սոսկ կրակելով առաջ էին շարժվում մի խումբ տանկեր, այլ այդ տանկերը իրենց շարժմամբ ու տեղացող կրակի ուղղությամբ ապահովում էին հետևակի առաջխաղացումը։ Հիմա ջոկատային մակարդակով հնարավոր չէր միասնական փոխկապակցված գործողություններ մղել մի քանի տասնյակ կիլոմետր երկարություն ունեցող ճակատի երկայնքով, ուր դիրքերը միաժամանակ հարձակման ենթարկվելով՝ վերածվեցին մի շղթայի։ Պարզվեց, որ այնտեղ մեկ օղակի՝ դիրքի քանդումը ցրիվ է տալիս ամբողջ շղթան, ինչպես եղավ Հաթերքի ողջ ենթաշրջանի գրավման պարագայում, երբ մի տեղամասում տանկերը ճեղքեցին պաշտպանությունը, այդ ճեղքմանը հակազդող համապատասխան տեղաշարժ չեղավ, և Զարդախաչից մինչև Չափար ու Գետավան երկայն աղեղով, իրար հետևից ստիպված թողեցին դիրքերը։

Նաև երբ բանակ չկա, ռազմական պատիժները վերածվում են ինքնադատաստանի։ Ջոկատների հրամանատարների հայեցողությանն