Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակայնությունը ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա։ Աշխարհը առայժմ վախենում է միայն անկառավարելի դարձող նրա բանակից, և վերջինիս դեմ բերվող յուրաքանչյուր մերկացնող փաստ լոկ կարող է բազմապատկել մեր հանդեպ եղած ատելությունը և նախատեսվածից մի քանի ավելի ռումբ ու արկ տրամադրել Ադրբեջանին։ Եթե մենք ոչ թե հակառուսական, այլ ազգային քաղաքականություն ենք վարում, հարկավոր է հասկանալ մի պարզ իրողություն. ռուսական բանակին և նրա հրամանատարությանը մենք ոչ մի կերպ չենք կարող խեղճացնել, այլ ներքին բանակցություններով և իրենց պահանջած զիջումներով լոկ կարող ենք փոխել մեր հանդեպ ունեցած վերաբերմունքը։

Միջազգային հասարակայնությանն ուղղված յուրաքանչյուր խոսքից առաջ հարկավոր է գիտակցել, որ Արցախի հարցը ո՛չ տարածքային փոփոխության և ո՛չ էլ ազգերի ազատ ինքնորոշման հարց է։ Այդ երկուսն էլ սոսկ արտաքին քողարկում են։ Արցախի հարցը իրականում ռուս-թուրքական շահերի ոլորտում գտնվող Հայկական հարցի մեկ մասնիկն է և շոշափում է այս տարածաշրջանի երկրների ու այս տարածաշրջանում շահ ունեցող երկրների շահերը։

Երևանում շատերը ազնիվ մի միամտությամբ կարծում են, որ եթե մենք կարողանանք աշխարհի տարբեր հեռուստածրագրերով ցուցադրել Արցախում տեղի ունեցած վայրագությունները, ապա Ադրբեջանը կտապալվի Հռոմի և համանման մյուս համաժողովներում։ Այն, ինչ մենք չգիտենք կամ թաքցնում ենք ջայլամային հոգեբանությամբ ու ազգային կեղծ պատվախնդրությամբ, աշխարհը շատ լավ գիտե և գրանցած պահում է։ Լաչինի ճանապարհի բացումից հետո ոչ մի տող չգրվեց, որ այդ ճանապարհը կյանքի ճանապարհ դառնալուց առաջ ամոթալի թալանի մի հրապարակի էր վերածվել անգամ Արարատյան դաշտի բնակիչների համար։ Երևի մտածում էինք, թե թուրքերը մեր գրածները կթարգմանեն և կօգտագործեն։ Մինչ մենք նման կենցաղային դիվանագիտություն էինք խաղում, այնտեղ արևմտյան հեռուստալրագրողները «անմահացրին» այդ թալանը՝ իր բոլոր քստմնելի մանրամասներով։ Միաժամանակ