մեր քարոզչությունը երկրի ներքին կյանքը լուսաբանելու և ժողովրդին ազգային ոգի ներարկելու փոխարեն կա՛մ Ադրբեջանին զենք մատակարարող բանակին է «մերկացնում», կա՛մ էլ անիծում Արևմուտքի քար անտարբերությունը։ Արտաքին քարոզչությունը, իհարկե, անհրաժեշտ է քաղաքական որոշակի նկատառումներով, սակայն լրատվության գլխավոր խնդիրը լինելու է ոչ թե աշխարհին ճշմարտությունը ներկայացնելը, այլ համայն հայությանը մեզ սպառնացող վտանգը ցույց տալը և ազգային համախմբիչ դեր կատարելով՝ Արցախի հանդեպ առավել մեծ պատասխանատվություն ներարկելը։
Վերջերս Ստեփանակերտի ռմբակոծությունից հետո քաղաքի զինվորական հոսպիտալում անվերջանալի հոսքով բերվող վիրավորներին նկարահանում էին մի քանի արևմտյան թղթակիցներ։ Նկուղային հարկում է հոսպիտալը, ուր անբնական կուտակումներում իրար են խառնված լերդացած արյան, կեղտի ու եփվող ճաշերի հոտերը՝ գումարվելով մնացյալ խառնաշփոթությանը։ Այնտեղ մի անգլիացի լրագրողուհու հարցրի, թե ինչ խոսքերով է այս ամենը հասկանալի դարձնելու իր հայրենակիցներին։ Նա բավական սառնորեն ասաց՝ այն խոսքերով, որոնք կպահանջեն Մեծ Բրիտանիայի շահերը, իսկ այս ամենը տեսնելուց հետո ինքը մի որոշ ժամանակ զզվանքով հաց կուտի և որևէ հեղուկ կըմպի։ Նա ո՛չ մեղավոր էր, ո՛չ անբարո և ո՛չ էլ բացառություն։ Աշխարհը մեր հայրենիքից իր շահն է տանելու ու զզվանքը՝ մեզ թողնելով մեր հայրենիքի ցավը, և լրատվության խնդիրն է լինելու այդ ցավը շարունակ ներկայացնել համայն հայությանը՝ Երևանի փողոցներից մինչև աշխարհի մայրաքաղաքները։