Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բնական ամրությունների վերածված լեռներում, երբ վերևից չէր սպառնում օդուժը, հրետանին նախնական վիճակում էր, ու հետևակի առաջխաղացումը ապահովող զրահատեխնիկա չկար, բարձունքներից կարելի էր դիմադրել առաջ շարժվել փորձող հակառակորդին։

Պայքարի հենց այս կերպն էլ մինչև անցյալ տարվա վերջը հաջողությամբ կիրառվում էր նաև Արցախում։ Ինքնապաշտպանական այս համակարգը, սակայն, փլվեց, երբ հակառակորդը սկսեց կիրառել ծանր տեխնիկա, ու ԼՂՀ-ի վրա հարևան շրջաններից կատարվող ավազակաբարո հարձակումները փոխարինվեցին ադրբեջանական բանակի գրոհներով։ Ի դեպ, Արևմտյան Հայաստանի նման այստեղ էլ պաշտպանական գիծը առաջինը ճեղքվեց հարթավայրում. այս տարվա գարնանը հակառակորդը կարողացավ մտնել Մարաղա և Մարգուշավան։ Այս իրողությունն էլ Արցախին պարտադրեց ստեղծել ինքնապաշտպանության իր ուժերի կենտրոնացված համակարգը՝ զորանոցային կյանքով ապրող վաշտերով, որոնք արագ արձագանքման սկզբունքով իսկույն օգնության էին շտապում ռազմաճակատի անհրաժեշտ հատվածները։ Բանակը կռվում է այնտեղ, ուր իրեն ուղարկում են, իսկ տեղային ինքնապաշտպանության ջոկատներն իրենց հայրենի գյուղերն են պահում, և պատահական չէ, որ այժմ ռազմաճակատի ողջ ծանրությունը իրենց ուսերին են կրում հենց Ստեփանակերտի հիշյալ վաշտերը, իսկ Շահումյանի և Մարտակերտի տեղային ջոկատների մի մասը պարզապես ցրիվ եկավ իրենց գյուղերի կորստից հետո։

Յուրաքանչյուր պայքար ստեղծում է իր ներքին յուրահատկություններով պայմանավորված համապատասխան հոգևոր-մշակութային արժեքներ և միջավայր։ Ֆիդայական շարժումը ծնեց ժողովրդային ընկալմամբ անհատականացված հերոսների կերպարները։ Ազգային պետականությունը, սակայն, պարտադրում է ստեղծել հայրենիքի զինվորի հավաքական կերպարը, և որքան ուժեղ է պետությունը, այնքան ավելի ընդհանրական է այդ կերպարը։

Երգն ու կռիվը անբաժան են իրարից, և մեր կռվի երգն էլ է եղել ֆիդայական շարժման նման անհատականացված։ Այն ոչ միայն