և հիմա միայն անուն-ազգանուններն են գրված։ Վահանակի առջև նույնպես եղևնու ճյուղ կա։
Ավարտվող տարվա հետ մեծանում է լարվածությունը, և որոշվում է ամրացնել դիրքերը։ Գումարտակի զինվորները նայում են վահանակից իրենց նայող տղաներին ու զինվորական մեքենաներ նստելով՝ մեկնում Մարտակերտի ճակատ։ Ճանապարհին հանդիպում ենք անհրաժեշտության դեպքում օգնության շտապելու պատրաստ Տ-72 ծանր տանկերին։ Նրանց անձնակազմերն էլ են նշում մոտեցող Նոր տարվա գալուստը՝ զրահամեքենաների հրետանային և գնդացրային փողերից կախելով տոնածառի գույնզգույն խաղալիքներ։
ԳԱԼ ՏԱՐԻՆ ՄԱՐՏԱԿեՐՏՈԻՄ
Անցնելով Խաչենագետի նշանավոր կամրջով՝ հասնում ենք Մարտակերտի ճակատի չգրավված վերջին հատվածը՝ Առաջաձորի ենթաշրջանը։ Ռազմաճակատի գիծը ձգվում է անմիջապես այս գյուղի հարևանությամբ, որի պատճառով էլ այն ենթաշրջանի բնակավայրերից ամենասակավամարդն է այժմ։ Երեսունի երեկոյան լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Համաձայն ստացված տվյալների՝ մեծ աշխուժություն է նկատվում Մարտակերտի գրավյալ մայրուղում, և ենթադրվում է, որ նպատակը պաշտպանական գիծը ճեղքելով միաժամանակ թե՛ ենթաշրջանը օղակելն է և թե՛ Ստեփանակերտ տանող ճանապարհ դուրս գալը՝ կրակի տակ առնելով Ասկերանի գյուղերը։ Դիրքային հերթապահությունից վերադարձած տղաներին պատվիրվում է չհեռանալ զորանոցից։ Ստեփանակերտից շտապ գյուղ են հասցվում մարտական գործողությունների փորձ ունեցող բուժքույրեր։ Բարեբախտաբար, հակառակորդը, բավարարվելով միայն դիրքային հրետակոծությամբ, կեսգիշերին խաղաղվում է։ Տարվա վերջին օրն անգամ անցնում է էլի մեկ զինվոր հողին հանձնելով։ Կեսօրին թողնելով ամանորյա պատրաստությունները՝ մարդիկ գնում են հրաժեշտ տալու ենթաշրջանի սիրված տղաներից Հրանտին, որ զոհվել էր երկու օր