դպրոցի 9-րդ դասարանը։ Քանի որ մինչև վերջերս հակառակորդը դիրքավորված էր գյուղի մատույցներում, դպրոցը փոխադրվել էր համեմատաբար ապահով բնակավայր, և իր սովորելն էլ կիսատ էր մնացել։ Հարազատները ապաստանել են Ստեփանակերտում։ Իր տարիքի համար անսովոր մի վճռականությամբ, որն արդյունք է մարտական գործողությունների մեկամյա փորձի, ասում է. «Ճակատը այնքան ենք առաջ տանելու, որ մերոնք վերադառնան իրենց տները»։
Զինվորներից մեկը, թռչելով մեքենայի թափքից, մեկեն փլվում է հոսող ջրին ու անհագաբար խմում։ Հետո ասում է՝ ցանկանում է հովացնել բոլոր այն մարտակերտցիների սրտերը, ովքեր դեռ ապրում են վերադարձի սպասումով։
Գյուղ ենք մտնում երեկոյան, սակայն ընդհանուր մթության մեջ էլ երևում են հասցված վերքերն ու ավերները։ Որևէ մեկը այլ բան տեսնելու պատրանքներ չուներ։ Շարժվում ենք առաջ՝ դեպի Մեհմանա ու Դրմբոն։ Հիմա արդեն պայթող արկերի որոտին գումարվում է նաև ցնցվող հողը։ Սառած ձյան փայլը թույլ է տալիս վարորդին ճիշտ կողմնորոշվել. մեքենայի լույսը չես վառի, հրետանին իսկույն խփում է։ Բայց ձորամիջով անցնող ցեխոտ ոլորաններին վարորդը հարկադրված միացնում է լույսերը, թե չէ ձորը կընկնենք։ Եվ զարմանալի արագությամբ նախ հետևում է հրետանու հարվածը, ապա հաջորդում է «Գրադի» համազարկը։ Արկերը դիպչում են դիմացի ժայռին և կայծկլտացող շիկացած բեկորներով թռչում մեր գլխավերևով։ Հեռվից դիտելիս երևի անկրկնելի տեսարան է, բայց այսքան մոտիկ սոսկ մտածում ես՝ վարորդը կհասցնի՞ փախցնել մեքենան։ Նա էլ՝ Թելմանը, ոչ միայն կարողանում է, այլև կատակում՝ թող խփեն, որ լույս լինի, ճանապարհը տեսնենք։
Վերստին մտնում ենք ձյուների գոտին։ Իսկական հրավառությունը, սակայն, առջևում էր, երբ, շեղվելով բուն ճանապարհից, հանդիպեցինք մի «Կամազի»։ Թելմանի բոլոր ազդանշաններին կանգնած մեքենան չարձագանքեց։ Ստիպված իջավ, նստեց այդ մեքենան, որ մի կողմ քաշի, ճանապարհն ազատի։ մի քանի մետր էլ չէր անցել, երբ բոլորս ցնցվեցինք ահռելի պայթյունից։ «Կամազը»