Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեք ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրի համար էլ նոր պաշտպանական գիծ կազմելը գրեթե անհնարին կլիներ։

Կիչանը, փաստորեն, այն կետն էր, որից այն կողմ այլևս նահանջելու տեղ չկար, և այս գյուղի հանձնումը հավասարազոր էր Արցախի հանձնմանը։ Բարեբախտաբար, Արցախի զինվորների անօրինակ նվիրման շնորհիվ տեղի ունեցավ հակառակը՝ պատասխան հակահարձակումը, և ազատագրվեց Չլդրանը։ Ամրապնդվելով շրջակա բարձունքներին՝ այժմ էլ Արցախի ազգային բանակի մարտիկները, երեք ուղղությամբ առաջ շարժվելով, սկսում են հավաքել «քանդված» կծիկը։ Դիրքավորվելով Մեհմանայի առջև ու փակելով այնտեղից աղեղնաձև հնարավոր հարձակումը Չլդրանի վրա՝ նրանք մոտեցան Դրմբոնին։ Անհրաժեշտ էր նախ փակել ճանապարհը, որը կատարվեց Վաղուհասի ազատագրմամբ։ Չլդրանից հետո, փաստորեն, ամենածանրը և վճռորոշը նրա ազատագրումն էր, որից հետո արդեն հնարավոր եղավ վերցնել և Դրմբոնը, ու հակառակորդը ինքնաբերաբար թողեց մայրուղու փակված այս ողջ հատվածի երկայնքով ընկած Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Պողոսագոմեր և Կոճողուտ գյուղերը։ Այսինքն՝ ինչպես ժամանակին Վաղուհասի և Դրմբոնի հանձնմամբ վճռվեց նաև այս գյուղերի անկումը, այնպես էլ հիմա դրանց երկուսի ետ վերցմամբ էլ՝ թվարկվածների ազատագրումը։

Արցախում ընթացող մարտական գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ յուրաքանչյուր գյուղ սոսկ որոշակի տարածք ընդգրկող մեկ միավոր չէ։ Այն մեր մնացյալ հայրենիքին կապվում է ոչ միայն այնտեղ ապրող ժողովրդով, եղած հուշարձաններով, այլև միահյուսված է բնական գոգավորությամբ և ջրային ցանցով, ու ամեն բնակավայրի պաշտպանությունը, առաջին հերթին, լինելով տեղացիների գործը, միաժամանակ մնացյալ ժողովրդի պարտքն է, որովհետև կորստյան դեպքում միայն ինքը չէ, որ ընկնում է, այլև իր հետ տանում է նաև շրջակա բնակավայրերը՝ առավել մեծացնելով հայոց պատմության կորուստների ժամանակագրության շղթան։

ԶԻՆՎՈՐ, 1993 թ., 1-8 ապրիլի, թիվ 1