ԳՐՈՀ ԵՎ ԽՈՒՃԱՊ ԿԱՄ՝ ԹԱՆՁՐ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Քելբաջարի գործողությունները այնպես էին ծրագրված, որ ծավալված հակահարձակման ավարտից հետո երեք ուղղությամբ առաջ շարժվող ջոկատներն իրար հանդիպեցին դեպի շրջկենտրոն տանող ավտոմայրուղուն մերձ գտնվող թունելի մոտ։ Մարտական գործողությունների զարգացման ընթացքն իսկ վկայում է, որ մեր հանրապետության զինված ուժերը որևէ մասնակցություն չեն ունեցել այս մարտերին, որոնք, փաստորեն, սկսվեցին ԼՂ տարածքում գտնվող և թիկունքից պարբերաբար հակառակորդի զինական համալրումը ստացող Նարեշտար, Չարեքտար և Աղդաբան գյուղերում տեղակայված կրակակետերը ոչնչացնելով։ Առաջին գրոհը ձեռնարկվեց Աղդաբանի ուղղությամբ, որը թիկունքից սեպի նման խրվել էր Մարտակերտի մեջ։ Վերջին տարիներին այն պարզապես չարիք էր դարձել Հաթերքի ենթաշրջանի գյուղերի համար։ Այստեղից տարբեր տրամաչափի հրետանուց պարբերաբար հրետակոծությունների էին ենթարկվում հայկական բնակավայրերը, ինչպես նաև այստեղից կատարված հարձակմամբ անցյալ տարի լիովին այրվեց հայկական Չափարը։ Աղդաբանի կրակակետերի ոչնչացումն էլ ձեռնարկվեց հենց Չափարից ու Հաթերքից։ Այս գործողությունը գլխավորում էր զինվորների շրջանում Մորուք մականվամբ հայտնի Վերին Հոռաթաղի գումարտակի հրամանատար Ռաֆայել Ղազարյանը։
Աղդաբանի գրավումը հնարավորություն ընձեռեց լռեցնել ԼՂՀ տարածքում գտնվող մեկ այլ ռազմականացված կետ՝ Չարեքտարը։ Այստեղից էլ դարձյալ շարունակական կրակի տակ էին պահվում Գետավանը և Հաթերքի ենթաշրջանի մնացյալ գյուղերը։ Անցյալ տարի հակառակորդը Գետավանը մոխրի վերածեց հենց Չարեքտարից