Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԵՍ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՄ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԻՑ»

Ազգային-ազատագրական պայքար մղող ժողովուրդները, ազատության ճանապարհին կրելով ծանր ու թանկ կորուստներ, գտնում են նաև նվիրյալ բարեկամներ։ 1990 թ. մայիսից մարտնչող արցախահայության համար նման նվիրյալ դարձավ բուլղար կինոլրագրող Ցվետանա Պասկալևան։

Լսելով գետաշենյան ողբերգության մասին՝ նա կարողանում է ճեղքել մեր ժողովրդին պարտադրված լրատվական շրջափակումը ևս ու հասնել հայկական հնավուրց այս գյուղն ու հայաթափված բնակավայրում հանդիսատեսն է դառնում արյունոտ այդ ողբերգության վերջին արարի։ Լսելով, որ համանման ճակատագիր է սպասվում նաև Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերին, շտապում է այնտեղ, և 1990 թ. ամռանից Ցվետանայի ճակատագիրը կապվում է Արցախի հետ։

Այդ օրերին նա չերկնչեց ու հայ ազատամարտիկների հետ մնաց Էրքեջ գյուղում, թեև իրեն զգուշացրել էին, որ առաջիկա ժամերին սպասվում է ադրբեջանական ՕՄՕՆ-ի և խորհրդային բանակի ստորաբաժանումների համատեղ հարձակումը։ Կարճ ժամանակ անց սկսված մարտը հակառակորդի կողմից զրահատեխնիկայի կիրառմամբ ընթացած առաջին կանոնավոր մեծ կռիվն էր, որին պատվով դիմակայեցին մեր ազատամատիկները, և ընթացած մարտական գործողությունների վավերագրողը դարձավ Ցվետանան։ Նա էլ մի զինվոր էր, որ դիմացից եկող գնդացրային կրակի դեմ էր ուղղել իր տեսախցիկը՝ հավատալով, թե այն էլ արցախահայության ցավը աշխարհին հասցնող մի զենք է։ Այդ օրվանից լեռնալանջերին պայթող արկերի հարվածից խուլ տնքացող