Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրավյալ գյուղերում են բարձրանում կրակված արկերի արկղերի կույտերը, որոնց տախտակները բավականին հարմար են շինարարական-վերականգնման աշխատանքների համար, և տներն ավերած արկերի փայտյա պատյաններով էլ հիմա վերականգնում են այդ նույն տները։

Թեև տները դեռևս ավերակ են, սակայն դրանցում արդեն վառվում է լույսը։ Մինչև վերջերս Արցախը էլեկտրականություն էր ստանում միայն Հայաստանից, հիմա աստիճանաբար օգտագործվում է հիդրոռեսուրսների անսպառ և էժան ուժը, ու սնուցող կայաններից դեպի գյուղերն են ձգվում էլեկտրագծերը։ Լույսը կյանքի հաղթանակն է, որն առավել սուր ես զգում ռազմաճակատային գծում, ուր խավարը դարանակալ մահ է թվում։ Գետավանի ճանապարհին գտնվող տրանսֆորմատորային ուժեղացուցիչ կայանում գիշեր ու ցերեկ վառվում է մի մեծ լամպ՝ գյուղերի անցնող ու դարձող բնակիչներին ասես հիշեցնելով, թե երբ ձեր էլեկտրագծերը հասնեն ինձ, դուք էլ կողողվեք լույսով։ Մարտակերտի շրջխորհրդի նախագահ Վլադիմիր Սարգսյանի բնորոշմամբ՝ այս լամպերը կյանքի ճրագն են և լեռնաշխարհի կարոտից հետո դեպի ծննդավայրը ձգող երկրորդ ուժն են դառնալու։ Կյանքի ճրագից իր հայրենի և շրջակա գյուղերը լույս հասցնելու գործով է օրնիբուն զբաղված Դրմբոնի գյուղխորհրդի նախագահ Սուրեն Շաբոյանը։ Երեկոյան հոգնած, բայց վաստակած քայլերով նա իր բրիգադի անդամների հետ վերադառնում է գյուղ, հաշվում, թե էլի քանի մետրով առաջ ձգվեցին էլեկտրահաղորդման գծերը, ապա ձեռքն առնում իրենց տանը սերնդեսերունդ փոխանցվող հինավուրց սազը, և հոր ձայնակցմամբ հնչում է օրվա լարումից և շրջափակումից ու պատերազմական նեղություններից ծնված երգը.

Բերքը հավաքենք, լցնենք ամբարը,
Որ սովը չընկնի մեր Ղարաբաղը։

Առավոտյան մինչև կկարգավորի գյուղի ներքին աշխատանքները և կշարժվի դեպի բարձրացող էլեկտրասյուները, վերստին հնչում է հոգու ինքնաբուխ երգը.