Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՐՏԱԿԵՐՏ. ՎԵՐԱԴԱՐՁ


Մարտակերտի ազատագրված բնակավայրերը գտնվում են Ստեփանակերտից Առաջաձորի մոտով վեր ընթացող ճանապարհին, որը հասնելով Դրմբոն՝ ճյուղավորվում է երկու մասի. մեկը տանում է Հաթերք, մյուսը՝ շրջկենտրոն։ Դեպի Հաթերք գնացող ճանապարհի երկայնքով տարածվող գյուղերը, անկախ ավերվածության և այրվածության աստիճանից, օրավուր կենդանանում են, իսկ շրջկենտրոնի ճանապարհին ընկած Մեծ Շեն, Մոխրաթաղ, Մաղավուզ, Կուսապատ և մյուս գյուղերը, որոնք թեև առավել լավ վիճակում են, քան լիովին մոխրափոշու վերածված Գետավանն ու Վաղուհասը, և ունեն անհամեմատ գերադասելի բնակլիմայական պայմաններ, գրեթե բնակեցված չէին, որովհետև Մարտակերտ շրջկենտրոնում հակառակորդի մեծ կուտակումները, ինչպես նաև այնտեղից հիշյալ բնակավայրերի վրա տեղացող պարբերական կրակը մարդկանց հնարավորություն չէին տալիս վերադառնալ իրենց տները։

Պաշտպանական հոծ ամրություններ կառուցելով շրջկենտրոնի մատույցներում և դիրքավորվելով նրա վրա իշխող կարևորագույն երկու կետերում՝ հեռուստաաշտարակում և «Պուշկի յալ» կոչվող բարձունքում, նրանք հրետանային կրակով կազմալուծում էին կյանքը ազատագրված տարածքներում և պարբերական հարձակումներով փորձում տիրանալ իրենց կողմից նախկինում զբաղեցրած դիրքերին։

ԼՂՀ Պաշտպանական բանակի զսպվածությունը և պատասխան քայլերի չդիմելը ասես ավելի էր ոգևորում նրանց։ Եվ հունիսի լույս 26-ի գիշերվա հերթական հարձակումից հետո ԼՂՀ ուժերը հարկադրաբար դիմեցին պատասխան հարձակման, նուրբ ու փոխկապակցված գործողություններով առաջ շարժվեցին հիշյալ իշխող