բնության պարգևած բարիքները. հիմա գլխավոր խնդիրը ձմռան համար գոնե նվազագույն տանելի պայմանների ստեղծումն է։
Ազատագրումը առաջին ընդհանուր ցնծությունից հետո միայն ռազմական առումով չէ, որ ծնում է բարդություններ, երբ ընդլայնվում է ճակատի գիծը, այլև տնտեսական՝ ավելացնելով լրացուցիչ վառելիքի անհրաժեշտություն՝ բնակավայրերի միջև կապը ապահովելու համար։ Բնակչության ներհոսքն էլ մի շարք նոր հոգսեր է ծնում։ Նույնը վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին։ Անցյալ ամռանը տեխնիկայի մի մասը հնարավոր չեղավ փրկել։ Մնացյալի մի որոշ քանակը ընդհանուր խառնաշփոթում «սեփականաշնորհվեց» մեր հանրապետությունից գնացած «գործարարներին» ու փոխադրվեց այստեղ, իսկ պետականորեն պահպանվածը տեղաբաշխվեց Արցախի գյուղերում կամ էլ ժամանակավորապես բերվեց մեր հանրապետության տարբեր շրջաններ և այժմ վերստին հետ է տարվում։ Տարբեր վայրիվերումներից փրկված այդ տեխնիկայով կատարվեցին գարնանային աշխատանքները Առաջաձորի ենթաշրջանում, ապա՝ Չլդրանում և Դրմբոնում։ Ռազմաճակատի գծի հետ առաջ է տարվում նաև գյուղատնտեսական տեխնիկան։
Համանման բախտի արժանացավ նաև անասնագլխաքանակը, որի մի մասին կարողացավ տիրանալ հակառակորդը։ Մի որոշ քանակն էլ բերվեց և վաճառվեց Երևանում։ Մնացյալը բաշխվեց Արցախի գյուղերում, անասնակերի պակասը, սակայն, ստիպեց փոխադրել մեր հանրապետություն, և հիմա հետ է տարվում։ Ի դեպ, անասնապահները առանձնակի երախտագիտությամբ էին պատմում, թե ինչպես են իրենց ընդունել Սիսիանում և միաժամանակ օգնել անկորուստ պահելու հոտերը։ Հիմա հետ են տարվում թե՛ ազատագրված տնտեսություններինը և թե՛ դեռևս թշնամական գերությունում գտնվող գյուղերինը։
...Երբ փետրվարի վերջին ազատագրվեց Դրմբոնը, այն ձեռքից ձեռք անցնելուց և հրետանային փոխադարձ կրակով ավերված, ապա հրդեհված մի գյուղ էր, ուր ավերակները առավել սև էին երևում տեղացած ձյան մեջ, իսկ Հաթերքի և Մարտակերտի կողմից