փչող քամիները, կոտրված պատուհանների ու փլված պատերի միջով տնետուն անցնելով, ասես շարունակ շեշտում էին գյուղի ամայությունը։ Այն ժամանակ գյուղին կենդանության շունչ էին հաղորդում միայն դեպի ջրամբարը ձգվող դիրքերը պահող զինվորները։ Երբ այստեղ առաջին զորանոցը հաստատվեց, երեկոյան զինվորներից մեկը, ցանկանալով ցրել ընդհանուր ճնշող տպավորությունը, տարբեր երգերի տողերը իրար կցելով, մի տարօրինակ երգ սկսեց երգել, ուր գերիշխողը «Զվարթ եղեք, հայեր» տողն էր։ Երգի ավարտից հետո սկսեցին զվարթ լինելու պատճառներ որոնել և հիշեցին այստեղ տարածված այն սրամտությունը, թե աշխարհում երեք Բոն կա՝ Բոննը, Լիսաբոնը և Դրմբոնը։ Այնուհետև սկսեցին հաշվել, թե քանի տարի է հարկավոր, որ վերջինս գերազանցի առաջին երկուսին։ Այդ օրվանից արդեն անցել է չորս ամսից ավելի։ Մյուս երկու Բոների նման այստեղ ևս արդեն մարդիկ են ապրում, այստեղ ևս հասավ էլեկտրականությունը, և ի տարբերություն մյուս երկու Բոների՝ այն անվճար է, քանի որ գալիս է Սարսանգի հիդրոէլեկտրակայանից, որի էլեկտրականությունը Մարտակերտի շրջանի բոլոր գյուղերին անվճար է տրվում։ Դրմբոնցիները էլի առավելություններ են թվարկում, որոնցից զուրկ են մյուս երկու Բոները, և սպասում են պատերազմի ավարտին, որ աշխարհին ցույց տան, թե ինչպիսին է դառնալու իրենց Դրմբոնը։
Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/319
Արտաքին տեսք