Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեք տարբեր կրոնական հոսանքներ՝ Եհովայի վկաները, կրիշնայականները, հոգեգալստականները։ Եհովայի վկաների գործունեությանը, ի դեպ, արգելված է անգամ արևմտյան շատ երկրներամ, սակայն նրանք անարգել հաստատվելով մեր «դեմոկրատական» հանրապետությունում՝ այստեղից էլ անցել են ԼՂՀ, ուր, սակայն, բարեբախտաբար, առայժմ որևէ հաջողության չեն հասել, քանի որ հինկտակարանյան և մասնավորապես Եսայու մարգարեության տողերով ինչքան էլ սքողեն իրենց խոսքերը, միևնույն է՝ նրանց քարոզածի գլխավոր իմաստը պետության գաղափարի ժխտումն է և յուրաքանչյուր համայնք իր քարոզչին լսող կառավարելի հոտի վերածելը, ինչն այսօր անգամ նյութական ամենամեծ միջոցների ծախսման դեպքում էլ անհնար է իր պետականության կերտման բերկրանքը ապրող Արցախում։

Տապալվեցին նաև կրիշնայականների բոլոր ջանքերը՝ «Կրիշնա բարձր գիտակցությամբ» լցնելու արցախյան լեռնաշխարհը։ Սկզբում նրանք որոշ հաջողություն ունեցան մարդկային փոխակերպումների ուսմունքը ներկայացնող գունազարդ շքեղ պատկերների տարածմամբ, ավելին, սակայն, չկարողացան անել։

Երևանում մենք երբեմն հետաքրքրությամբ, երբեմն էլ ժպիտով ենք նայում մինչև ծնկները մերկ և «հարե կրիշնա» կրկնելով փողոցներով անցնող տղամարդկանց փոքր խմբերին, Ստեփանակերտում, սակայն, նրանք միայն խղճահարություն և արհամարհանք էին առաջացնում, երբ ակամա համեմատում էիր նույն մայթով քայլող մարտիկների հետ, որոնց ոտքերն արդեն քանի տարի տրորվում են զինվորական կոշիկներում, և ակամա մտածում ես՝ միթե նրանք բոլորն էլ զավակներն են նույն ժողովրդի։ Արցախը սարսափեց այն մտքից, թե հայրենիքի զինվոր իր զավակները մի օր կարող են վերածվել նման ռոբոտների և իրենց հորովելը փոխարինել անհասկանալի քրթմնջոցներով։ Ժողովուրդը պարզապես դուրս վռնդեց նրանց։ Ճիշտ է, նախանձելի մի համառությամբ նրանք հիմա էլ բոբիկ ոտքերով և կիսախուզած գլուխներով մեկ-մեկ երևում են Ստեփանակերտի փողոցներում և փորձում մարդկանց «հասու