Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Լրատվական պատերազմը իրար դեմ կռվող երկրները պատերազմի ընթացքում և հետո էլ մինչև հակամարտության քաղաքական կարգավորումը մղում են միմյանց դեմ արտաքին ճակատում, որով լրատվական պատերազմը դառնում է վարվող արտաքին քաղաքականության մի բաղադրիչը, յուրօրինակ մի դիվանագիտություն, որն արտահայտվում է լրատվության և քարոզչության միջոցով։

Միանգամայն այլ է, սակայն, պատերազմական լրատվությունը։ Այն ոչ թե արտաքին աշխարհին է ուղղված, այլ իր երկրին ու ժողովրդին։

Պատերազմի հետ հարաբերվող այս երկու լրատվություններն իրենց բնորոշ արտահայտությունը գտան Արցախյան պատերազմի ընթացքում և ապա շարունակվեցին զինադադարից հետո և կշարունակվեն մինչև Արցախյան հարցի քաղաքական հնարավոր կարգավորումը։

Լրատվության այս երկու տեսակներն էլ, քարոզչական ձևերի կիրառման առումով, անցնելու էին հոգեբանական այն շրջադարձերի միջով, որոնցով անցավ մեր ժողովրդի ազգային քաղաքական գիտակցությունը Արցախյան շարժմանը հաջորդող տարիների ընթացքում։ 1915 թ. ջարդի ու գաղթի շարժման սկզբում հիշվող պատկերներից 1991 թ. սեպտեմբերին ԼՂՀ հռչակմամբ անցում կատարվեց ազգային ինքնապաշտպանության գաղափարին, և ադրբեջանական վայրագությունների մասին լրատվությանը զուգահեռ, սկսեցին գերակշռել հայկական զինված ուժերի մարտունակության և հակառակորդի հարվածները ետ մղելուն ի զորու լինելու մասին հրապարակումները։