կապող խաչմերուկներին ադրբեջանական բնակավայրերի կառուցումը կամ եղածների արհեստական մեծացումը։
Այս քաղաքականությունը առավել սուր սկսեց իրագործվել Մարտունու շրջանում, որի կազմալուծումը մեխանիկորեն հանգեցնելու էր նաև կից Հադրութի անկմանը։ Դրանից հետո թիկունքից անպաշտպան մնացած Ստեփանակերտը մարսելու և դեպի հյուսիս՝ Ադրբեջանի ներսը ձգվող Մարտակերտն ու Ասկերանը կլանելու համար կպահանջվեր բավական կարճ ժամանակ։ Այսպիսով, Մարտունիում ռազմական գործողությունների զարգացման տրամաբանությունը հասկանալու համար նախ պետք է վերհիշել, թե ինչպես ընթացան դեպքերը շարժման առաջին իսկ օրերից, երբ արցախյան հարցը քաղաքականից աստիճանաբար վերածվեց զինված հակամարտության։ Հակամարտության առաջին ոչ զինական դրսևորումը ճանապարհների շրջափակումն էր։ Եթե մարզի սահմաններից դուրս այն դրսևորվեց Ադրբեջանից Հայաստան եկող երկաթուղու, Գորիս-Լաչին, ինչպես նաև Մարտունի-Աղդամ-Ստեփանակերտ և Մարտակերտ-Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհները փակելով, ապա Արցախի ներսում արտահայտվեց խաչմերուկներին ընկած հիշյալ ադրբեջանական գյուղերով անցնող ավտոճանապարհներին հայկական մեքենաների քարկոծմամբ, որի բնորոշ օրինակը Խոջալուի դեպքերն էին։ Խորհրդային կայսրության քայքայմանը զուգընթաց՝ քարկոծումը վերածվեց հաշվեհարդարի սպառնալիքի, ապա՝ կրակահերթերի և հրետակոծության։ Հրետանու կիրառումը ճանապարհների պատերազմը դարձրեց բարձունքների պատերազմ, իսկ մինչ այդ հայկական կողմը գործադրեց հնարավոր բոլոր միջոցները, նախքան վերջին քայլին՝ հակառակորդի կրակակետերի հարկադրական լռեցմանը դիմելը։
Արցախի ներսում Ստեփանակերտից Մարտունի տանող երկու ճանապարհ կար, մեկը, որ առավել կարճն էր, անցնում էր Ննգիի միջով և Սպիտակաշենի ներքևով, նախ մտնում էր Ստեփանակերտից վեր գտնվող Մալիբեյլի գյուղը։ Այս պատճառով էլ բավական շուտ այն փակվեց, իսկ մյուսով Մարտունի հասնելու համար անհրաժեշտ էր բավական մեծ շրջան կատարել՝ անցնելով Կարմիր