1988 թ. փետրվարին սկսված արցախյան շարժումը թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում ընկալվեց որպես պատմական անարդարությունն ուղղելու մի փորձ, իսկ տասնամյակներ առաջ գործված այդ անարդարությանն էլ երբ գումարվեց նորօրյա Սումգայիթը, արագորեն ձևավորվեց զոհի ավանդական կերպարը, և հայության երկու հատվածների վերամիավորման քաղաքական պահանջը մեր գիտակցության մեջ արտացոլվեց մերկացած յաթաղանով ջարդարարից սարսափահար դեպ մոր գիրկը նետվող մանկան տեսքով։ Մայրը ձեռքերը պարզել էր իր կողմը վազող մանկանը, իսկ աշխարհին ուղղված հայացքը գութ էր աղերսում։ Մոր և մանկան այս պատկերն ենք գտնում այն օրերին ստեղծված բոլոր ժանրերում՝ հրապարակախոսական հոդվածներ և գծանկարներ, բանաստեղծություններ և երգեր։ Մանկան ճիչը մոր միջոցով աշխարհին լսելի դարձնելը վերածվեց գործելակերպի, և մեծ տերություններին ու աշխարհում բարի կամքի տեր համարվող մարդկանց ուղղվեցին մեր ընդունած որոշումների և պատմական վավերագրերի պատճենները, բաց նամակները։ Նման մտայնության վերջին հուսահատ փորձը դարձավ 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ նիստում Արցախի և Հայաստանի Հանրապետության վերամիավորման որոշումը։
Քաղաքական այս դեգերումներն ավարտվեցին 1991 թ. ամռանը, երբ դեպքերի սրընթաց զարգացումը վկայեց, թե երբեմնի հզոր տերության փլուզումից հետո Լաչինով կտրված Արցախը մնալու է Ադրբեջանի լիակատար շրջափակման մեջ՝ կանգնելով ճակատագրական երկընտրանքի առջև, կա՛մ ընդունել խաղաղ համակերպումի և հնազանդության ճանապարհը՝ արժանանալով հայաթափման նախիջևանյան տարբերակին, կա՛մ էլ սեփական արյամբ ջնջել