անջրպետված երկրամասում շրջափակման մեջ գտնվող զինվոր։ Երբ զինվորներն են ընկնում թշնամու շրջապատման մեջ և չեն հանձնվում, նրանք պատվով մեռնում են, իսկ երբ ողջ ժողովուրդն է հայտնվում այդ նույն շրջապատման մեջ և չի հանձնվում, նա հաղթանակելով ապրում է՝ ճեղքելով պատմության գծած շրջափակումը, և ժողովուրդը նախ հոգեբանորեն պետք է պատրաստվեր գալիք փորձություններին։
Հնուց եկող իմաստությունն ասում է, որ սպասվող հոգեբանական մեծ հեղաբեկումները և ցնցումները նախ խենթերի ու խելագարների վրա են ազդում։ Առաջինը նրանք են զգում և բոլորին լսելի դարձնում օրվա հրամայականից ծնվող ճշմարտությունները։ Պատերազմի առաջին իսկ հարվածներից կյանքը հոգս դարձավ, իսկ ապրելը՝ կռվել, և երբ Գանձասարի հովանու ներքո տարածվող Խաչենագետի հովտում գտնվող գյուղերում իջնում էին ուղղաթիռները՝ կյանքի և ապավինումի մի բարակ կամուրջ կապելով Մայր երկրից դեպի Արցախ, ծանրածանր այդ օրերին մի կին էր շրջում այդ ձորակի գյուղերում։ Ամիսներ առաջ հակառակորդը մոտակա դաշտից առևանգելով՝ անպատվել և տանջամահ էր արել նրա աղջկան։ Որդին գնացել էր վրեժ լուծելու և ինքն էլ էր զոհվել, իսկ մայրը խելագարվել էր և, ցնորվածներին բնորոշ սևեռվածությամբ, մտածում էր միայն իր վերջին դստեր մասին և այդ մտածումը արտահայտում այնպիսի ընդհանրացված սեղմ մտքերով, որոնք արդեն միայն իր աղջկան չէ, որ վերաբերվում էին, այլև կապվում մի ողջ ժողովրդի ճակատագրի և արժանապատվության հետ։ Որպես երկրամասի հյուսիս-արևմուտքը երիզող լեռների վրիժառու մի ոգի, կիսայրված և ժանգոտ մի շամփուր ձեռքին՝ նա ամբողջ օրը մտամոլոր քայլում էր Խաչենագետի երկայնքով և խոսում ջրից ողորկ դարձած քարերի հետ՝ ականջը երկնքից եկող ձայնին։ Երբ լսում էր ծանոթ հռնդյունը, մեկեն լարվում էր, ձեռքի շամփուրը վեր պարզած որոնում, թե ուր է իջնելու ուղղաթիռը և, ողջ ուժերը լարելով, վազում թռիչքադաշտի վերածված այդ հանդամասը։ Սովորաբար հևասպառ տեղ էր հասնում մինչ ուղղաթիռի վեր ելնելը և ձեռքի շամփուրով ծակծկում էր բերած պարկերն ու արկղերը։ Փամփուշտների