ժողովրդի թշնամիներ, իսկ Երևանն էլ Հայաստան անվանվող ԽՍՀՄ միութենական տասնհինգ հանրապետություններից մեկի մայրաքաղաքն էր։
Մաղավուզում, պապենական լքված տնից առավել, իր հոգու ներաշխարհն էր վերականգնել, իսկ երբ «պոստը» փոխելուց հետո զորանոց էր գալիս, ջոկատի մյուս մարտիկներից լսած հատուկտոր պատմություններն էր գումարում իր իմացածին։ Ղարաբաղերենից բացի որոշել էր նաև հայերեն սովորել։ Ասում էր, թե անցյալը մեռնելու է հաղթանակի հետ և այդ անցյալին է պահ տալու նաև իր անունը։ Հետաքրքրվում էր նշանավոր հայերով, որ որոշի, թե ինչ անուն ընտրի իր համար։ Երգը լեզվի խտացումն է և լեզվի հիշողությունը։ Միջնադարում մայրենի լեզուն կորցրած հայերը դեռ երկար ժամանակ պահպանեցին և սերնդեսերունդ փոխանցեցին երգվող հայրենի շարականները։ Դարերի ընթացքում մոռացվեցին կամ խաթարվեցին «Սասնա ծռերի» շատ դրվագներ, բայց անխաթար մնացին երգվող հատվածները։ Երգը վերջինն է կորսվում և առաջինը գտնվում, ու պատահական չէ, որ Արցախում ապաստանած փախստականները նախ իրենց երգը գտան, ապա նոր՝ լեզուն։ Նույնը վերաբերվում է և Վլադիկին։ Դեռևս ռուսերենախառն ղարաբաղերենով էր խոսում, առանց գրական հայերենը հասկանալու, բայց արդեն երգում էր Արցախում հնչող անցյալ դարավերջի ֆիդայական երգերը։ Մեղեդու ելևէջները, գումարվելով զարմանալիորեն կրկնվող պատմությանը, նրան իր երգած տողերի իմաստն էին թարգմանում։ Դիրքերում կամացուկ երգող Վլադիկը այդ երգերում իր լեզուն էր որոնում, իսկ դիրքերից չնահանջելով, ձգտում էր ճակատագրից իր վրեժը լուծել և չկորցնել վերջին ապավենը՝ օտարության ճանապարհները մաշելուց հետո վերագտած հարազատ հողը։
Մարտակերտի գաղթի օրերին ինքը Մաղավուզի դիրքերում էր և պահում էր Հաթերք տանող ճանապարհը։ Եկավ նաև Մաղավուզը թողնելու օրը։ Նահանջը ապահովելու համար հարկավոր էր, որ մի քանի հոգի դիմացի կածանից փակեին զրահատեխնիկայի ճանապարհը, մինչ մնացածները կնահանջեին։ Դժվար էր մարդկանց