Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասել, թե ձեզ թողնում ենք մահվան բերանում։ Մինչ հրամանատարը մտածում էր, նա առաջ եկավ և ասաց, թե ինքը կմնա, որովհետև Բաքվից գաղթելով՝ երդվել էր իր գյուղից էլ ուրիշ տեղ չգնալ։ Չնայած քսանհինգ տարեկան է, բայց արդեն հոգնել է աշխարհը չափելուց և մնաց, որ իր վրա վերցնի թշնամու զրահատեխնիկայի կրակը։ Հակառակորդի հետևակի մարտական մեքենաների վրա տեղադրված լուսարձակները հեռվից շերտ առ շերտ, ինչպես ընդունված է ասել, սանրում էին հողը՝ կենդանի մի շունչ գտնելու և ոչնչացնելու համար։ Մի կերպ խուսափելով կրակին նախորդող այս լույսերից, երբ զինվորների հետ միասին նահանջում էինք, մեր թիկունքում լսվում էր նռնականետի հակատանկային լիցքերը խնամքով իրար կողքի շարող Վլադիկի երգը՝ «Մութ գիշերին մենակ էր ֆիդային»։ Ինքն էլ էր մենակ մնացել իր վերագտած պատմության և այդ պատմությունը պաշտպանելու համար վերցրած զենքի հետ։ Հեռվից դեռ լսելի էր նրա երգի ձայնը, երբ մեկեն օդը լցվեց տեխնիկայի հռնդյունով։ Չսպասելով լույսը բացվելուն՝ շքերթային մի ինքնավստահությամբ թշնամին առաջ էր շարժվում։ Եվս մի քանի րոպե, և լսելի եղավ զրահամեքենային «շամփրող» նռնականետի հարվածը։ Շարասյունը, անակնկալի եկած, կանգ առավ, ասես կարկամելով, և տագնապալի սպասումի այդ միջոցին նորից լսվեց նրա երգը։ Հաջորդ պահին, սակայն, երգն ու այրվող զրահամեքենայի խուլ ձայնը խլացան նռնականետի հարվածի ուղղությամբ եկած մի քանի գնդացիրների կրակահերթերից և երբ այն դադարեց, ընդհատվել էր նաև երգը... Մեկ տարի անց հայ ազատամարտիկների հարվածից թշնամին դուրս շպրտվեց նաև Մաղավուզից, բայց Վլադիկի մարմինը այդպես էլ չգտնվեց...

Պատերազմը միայն երգին չէ, որ մի նոր խորհուրդ հաղորդեց, այլև աղոթքին։ Ստեղծեց «Հայր մեր»–ի արցախյան ընթերցումը։ Ի տարբերություն երևանյան մեր ծեսերի, ուր այն ավելի շատ սկիզբն էր կատարվող հրապարակային միջոցառումների, Արցախում ներանձնական տառապանք և աղերս էր։ «Եւ մի տար զմեզ ի փորձութիւն» խոսքերն արտասանելով՝ արցախցի մամիկը, կինը կամ էլ աղջիկը Աստծուց ասես խնդրում էր, որ դիրքային հերթապահությունը