Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեհաջող ավարտվի և տուն գա որդին, եղբայրը, ամուսինը և ոչ թե նրանց մարմինը բերեն։ «Փրկեա զմեզ ի չարէն» խոսքերն էլ համամարդկային ընդհանուր արժեքների հետ հարաբերվող մի հասկացություն չէր միայն, այլ սարսափը ռազմաճակատի գծի հնարավոր ճեղքման հանդեպ, որից հետո չարը արդեն կլցվեր իրենց տները։ Սովորաբար շատ գտնում է շատ կորցնողը։ Մեր ազգային, հոգևոր արժեքները բոլորից շատ այստեղ էին կորսվել և աստիճանաբար սկսեցին գտնվել երկրամասին վիճակված Գողգոթայի ճանապարհի յուրաքանչյուր ոլորանը հաղթահարելուց հետո։

Տառապալից այդ օրերին շրջափակման շունչը զգացվում էր անգամ... եկեղեցու ներսում։ Օդային փխրուն կապի և Արցախում ճանապարհների գրեթե կազմալուծման պայմաններում դժվար էր մոմ հասցնել գործող և վերանորոգված եկեղեցիները, առավել ևս Շահումյանի շրջանում։ Գյուլիստանի վեհաշուք եկեղեցին Շահեն Մեղրյանի ջանքերով նորոգվելուց և Պարգև սրբազանի կողմից վերաօծվելուց հետո հոգևոր մի ապավեն էր դարձել տեղի հայության համար։ Մարդիկ գալիս լուռ կանգնում, երկար մտորում էին իրենց ապրած և ապրելիք կյանքի մասին։ Շրջափակման պատճառով գրեթե մոմ չէր լինում, և եկեղեցում դրել էին մի քանի զույգ մոմակալներ, որոնց մեջ ստիպված վառում էին... գալարաձև փաթաթված թղթեր։ Սահմանային այս գծում լույսը ցրում էր ոչ միայն խավարը, այլև որոշ չափով նաև թշնամու հանդեպ եղած վախը՝ կանգնեցնելով ծանր երկընտրանքի առջև, տանը եղած մոմը սենյակո՞ւմ վառել, թե՞ եկեղեցու գավթում։ Այս երկընտրանքը երևի շատ էր տանջել մի կնոջ, որը եկեղեցու բեմի առջև, հայացքը վեր հառած, հանդարտ զրուցում էր Երկնայինի հետ, բացատրում, թե ինչու է եկեղեցի եկել՝ ունեցած հինգ մոմերը տանը թողած։ Չէր շտապում։ Հանդարտ պատմում էր, որ ուղղաթիռները շատ ուշ-ուշ են գալիս և ամեն անգամ հնարավոր չի լինում լամպի համար նավթ գտնել, իսկ թոռները մթից շատ են վախենում, և նրանց թվում է, թե սենյակի մի անկյունում թշնամին դարան է մտել։ Արարչին ասում էր, թե՝ իր թոռներն էլ Քո ստեղծածն են և Դու էլ չէիր ցանկանա, որ ինքն այդ մոմերը բերեր ու վառեր՝ նրանց մթության մեջ թողնելով։ Ասում էր.