Վաղուհասը առանձնապես հայտնի չէր դառնա և կմնար Արցախի հարյուրից անցնող գյուղերից մեկը՝ ավանդական գյուղական առօրյայով, եթե չսկսվեր պատերազմը և շարունակ չհիշատակվեր մարտական ամենօրյա ամփոփագրերում՝ դառնալով հյուսիսարևելյան ռազմաճակատի բաժանարար գիծը։ Անցյալ տարվա ամառային անկման ժամանակ Հաթերքն ու Գետավանը գրաված հակառակորդի առաջխաղացումը կասեցվեց հենց Վաղուհասի մատույցներում։ Նաև այստեղից սկսվեց անցյալ տարվա օգոստոսին ԼՂՀ բանակի ընդհանուր հակահարձակումը, որի ժամանակ թեև ազատագրվեց գրավյալ տարածքների մի զգալի մասը, բայց, դժբախտաբար, կարճ ժամանակ անց նորից հանձնվեց, ու էլի գյուղը դարձավ ռազմաճակատի բաժանարար գիծը՝ մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով։
Այն ժամանակ, երբ Վաղուհասը գտնվել է հակառակորդի վերահսկողության ներքո, նա այնտեղ իրեն երբեք հանգիստ չի զգացել՝ շարունակ սպասելով Վանքի կողմից հնարավոր հարվածների, որոնք հայ ազատամարտիկները երբեք չէին ուշացնում։ Սարսափը այնքան մեծ է եղել, որ, ի տարբերություն Հաթերքի և շրջակա մյուս բնակավայրերի, որոնք հիմնովին թալանվել են նկուղներից մինչև տների հատակը և տանիքի գերաններն ու թիթեղները, թալանի համար չեն համարձակվել Վաղուհաս մտնել, այլ փախչելուց առաջ լիովին այրել են, և վերադարձած բնակիչները տների ընդհանուր մոխրի մեջ գտել են իրենց երբեմնի կահկարասու կիսավառ բեկորները և հալված ու սևացած մետաղական մասերը։
Մինչ հակառակորդի՝ Հաթերքից այն կողմ շպրտվելը՝ Վաղուհասը շուրջ մեկ տարի Մարտակերտում դարձել էր մարտնչելու խորհրդանիշը։ Գյուղի ընկնելուց հետո էլ չէր ցրվել տեղի ջոկատը՝