Ազգային-ազատագրական պայքարները ծնում են ոչ միայն ժողովրդական հերոսներ, այլև այդ հերոսներին անմահացնող ժողովրդական ստեղծագործություններ, որոնք հայրենիքի համար զենք վերցրած հերոսի ընկալման հավաքական խտացումներ են դառնում։ Եվ քանի որ Հայկական լեռնաշխարհում ապրելու իրավունքի հավաստումը հայոց պատմությունը, Քրիստափոր Միքայելյանի խտացված բնորոշմամբ, վերածվել է «Յարատեւ Կռուի», ստեղծվող այս գործերն էլ, հավելվելով նորանոր դրվագներով, փոխանցվել են սերնդեսերունդ՝ կրելով անցյալի հերոսական շունչը և նորօրյա պայքարի ոգին։ Այս ժառանգությունն ենք գտնում Հայկ Նահապետից մինչև Հայոց տան Մամիկոնյան սպարապետների ու Բագրատունյաց թագադիր ասպետների մասին հյուսված վիպասքը և «Սասնա Ծռերը», այնուհետև, նոր շրջանում, Ղարաբաղի անպարտելի մելիքների մասին պատմություններից մինչև Աղբյուր Սերոբին, Գևորգ Չաուշին, Անդրանիկին նվիրված երգերը։
Արցախում մղվող ներկա դաժան պատերազմի ընթացքում ևս ժողովուրդը ոչ միայն ծնեց իրենց նահատակությանն ընդառաջ գնացող հերոսների, այլև նրանց նվիրեց սրտի իր խոսքը, որն անկեղծ պոռթկումով է հնչում երկրամասի գրեթե բոլոր բնակավայրերում, սակայն, դժբախտաբար, անուշադրության մատնված, դատապարտված է աստիճանական կորստյան ու մոռացումի։ Մեզ կարծես մնում է միայն ցավով կրկնել «Խամսայի մելիքությունների» վերջաբանում՝ XVII-XVIII դարերում հանուն ազգային անկախ լինելիության արցախահայության պայքարի մասին Րաֆֆու խոսքերը. «Մի ամբողջ պատմություն կորչում է, անհետանում, իսկ մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում»։