Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղթի սրտամաշ օրերին լսել մաղավուզցի Վլադիկին, որն ընկերների նահանջը ապահովելու համար մնացել էր լեռնալանջին՝ կածանի վերևում, որպեսզի փակի զրահատեխնիկայի ճանապարհը, և կամացուկ երգում էր «Մութ գիշերին մենակ էր ֆիդային»։ Հետո այդ երգը խլացավ հակատանկային լիցքի ու զրահատեխնիկայի իրար խառնված պայթյունում և դրանց հաջորդած՝ հակառակորդի գնդացրային կրակահերթում...

Հաճախ է ասվում, թե ժողովուրդը ծիծաղում է նաև արցունքների միջից և այս ծիծաղը պատերազմի սարսափի հոգեբանական հաղթահարումն է, որ արտացոլվում է հատկապես ամենակենցաղային բանահյուսական ժանրում՝ նորօրյա անեկդոտներում։ Արցախում հրատարակվող պարբերականները մասնակիորեն ժողովում են դրանք, որոնք վաղը դառնալու են մեր օրերի մի յուրօրինակ կենցաղային ժամանակագրություն։ Պատերազմի կնիքն ենք գտնում նաև բանահյուսական ամենասեղմ ու ամենակայուն ժանրերում՝ առած-ասացվածքներում և անեծք-օրհնանքներում։ Հարաբերվելով ռմբակոծումների հետ՝ դրանցում ավանդական օրհնանք-մաղթանքները նուրբ մի ձևափոխմամբ արդեն սկսում են վերաբերել գնդակից ու արկի բեկորից անփորձանք մնալուն, իսկ անեծքներում էլ մարդու կամ բնության որևէ երևույթի փոխարեն չար ուժի մարմնավորումն են դառնում կիրառվող նորանոր զինատեսակները։

Փաստորեն այսօր Արցախում ստեղծվում է մի ողջ պատերազմական մշակույթ՝ արտացոլվելով բանահյուսությունում, ազգագրությունում և ավանդական ժողովրդական կենցաղում։ Ցավոք, սակայն, ինչպես սկզբում ասացինք, ոչինչ չի արվում այս ամենը ուսումնասիրելու և գրառելու համար։ Պատերազմի ու շրջափակման պատճառով ստեղծված ծանր վիճակը և նյութական միջոցների պակասը, կարծում ենք, այնուամենայնիվ, բավարար արդարացում չեն կարող լինել նման թերացման համար։ Ժամանակին Րաֆֆու և Լեոյի անօրինակ նվիրումով էր, որ մոռացումից փրկվեցին Խամսայի մելիքությունների պատմության հերոսական շատ դրվագներ, մեր ժողովրդի ապագայի հանդեպ ունեցած զարմանալի