Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահաբար պայթում է ականի վրա, և պայթյունի ալիքը նրա մարմինը շպրտում է մի քանի մետր այն կողմ՝ մեկ այլ ականի մոտ։ Վերևում ճախրող արծիվը սլանում է ներքև՝ որսի տիրանալու ակնկալիքով, սակայն ինքն էլ է պայթում։ Պայթյունի ձայնը լսած և այստեղ շտապած սակրավորները տեսնում են, թե ինչպես բզկտված արծվի զուգընկերը, վերևից տեսնելով այս երկու պայթյունները, բնազդային մի մղումով ասես հասկանալով, թե մահը գալիս է գետնի տակից, թափով վար է սլանում և ընկած արծվի կողքին վեր ու վար անելով, սկսում խփվել հողին, մինչև ինքն էլ պայթելով անշարժանում է նրանից մի քիչ այն կողմ։

Սակրավորների գործը միայն ականազերծելը չէ, այլև հողում խրված կամ ընկած և օդից վայր նետված գնդիկավոր ռումբերի տափօղակաձև չպայթած կասետները, որոնք մոտ երկու հարյուր բեկոր են պարունակում, հավաքելը և վնասազերծելն է։ Արկերը պայթեցնում են ամայի ձորերում՝ բազմապատկելով Արցախ աշխարհը պատած բեկորների թիվը, իսկ գնդիկավոր ռումբերի չպայթած այս տափօղակները սակրավորների վաշտի հրամանատարը վնասազերծում է և յուրօրինակ մոխրամաններ պատրաստում։ Կատակով ասում է, թե գնդիկավոր ռումբերը արցախյան կոնվերսիայի է ենթարկում։

Երբ ժամանակին Կարմիր բանակը նոր «կարմրած» Ադրբեջանին էր փորձում ենթարկեցնել Զանգեզուրը, Լեռնահայաստանի անպարտելի սպարապետ Գարեգին Նժդեհը ասում էր, թե կգա ժամանակը, երբ նրանց բարբարոսական հրետակոծության բոլոր բեկորները հավաքելով մեր հայրենիքի հանդերից ու ձորերից, կձուլվի ու կկանգնեցվի մեր հաղթանակի հուշարձանը, որի վրա գրված կլինի, թե «Կարմիր էին անվանում նրանք իրենց, բայց սև եղավ նրանց գործը, թող հավերժ անիծյալ լինեն նրանք»։

Եվ եթե Արցախում գա հաղթանակի այնքան երազած օրը, այրված բոլոր զրահամեքենաներից, «Ալազան» հրթիռներից մինչև հեռահար հրետանու արկերի և օդային կեստոննանոց ռումբերի բոլոր բեկորներից կձուլվի հավաքական մի բանակի վերածված ժողովրդի