Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք արդեն վերաօծվել էին հայկական շնչով։ Ամենուր երևում էին բների առանձին հետքեր, որոնք վկայում էին, թե վերջին երկու տարիներին այստեղ ծիծեռնակ չի բնավորվել, և հիմա բավական էր մտնել որևէ տուն, մի քիչ մնալ այնտեղ, և մեկեն հայտնվում էր ծիծեռնակների մի զույգ՝ կտուցներից անբաժան ցեխով, և որոնում այն կետը, որտեղ իր բույնն էր հյուսելու և գյուղի գաղթած բնակիչներին հիշեցնելու, թե եկել է նաև ձեր վերադարձի ժամանակը։

Մատաղիսում զինվորները, դեռ մի կարգին չտնավորված իրենց նոր հերթական ռազմակայանում, որոնեցին և գտան գյուղի եկեղեցին, որի շուրջ կուտակված էր չորացած մացառ, իսկ մուտքի առջև եղինջ էր աճել, և մի քանի օրվա հաղթական գրոհից դեռևս չհանգստացած և հաջորդ օրերին վերստին վերին դիրքերը ելնելուց առաջ նրանք հնձեցին և մաքրեցին տաճար տանող ճանապարհը, ապա ինքնաբուխ ներքին մղումով ամեն մեկը իր նպաստը բերեց եկեղեցու բարեզարդմանը այն պարզ հավատով, որը ձևավորել էր նրանց հոգիները սերնդեսերունդ փոխանցվող ժողովրդային բարեպաշտ ավանդույթով։ Շուտով զինվորների ետևից եկեղեցի մտան նաև ծիծեռնակները։ Նրանք ներս էին սլանում բեմի վրա բացվող նեղ ու երկայն լուսամատից ներս թափանցող լույսի շողերի հետ և դուրս գալիս եկեղեցու դռնից։ Տարբեր օրեր բազմիցս դիտել ենք նրանց թռիչքները և ոչ մի անգամ հակառակը չենք նկատել։ Ծիծեռնակները մի քանի անգամ եկեղեցում պտտվելուց հետո խմբով դուրս եկան և շուտով վերադարձան մի-մի կտուց ցեխով, և մկրտության ավազանը վերից գոտևորող կամարի վրա սկսեց կերպավորվել հերթական բույնը, որի շաղախից վայր իջնող դեղնած հասկերը ոսկեզօծ բուրվառի նման հանդարտորեն օրորվում էին թռչանների՝ ասես «Փառք ի բարձունս» օրհներգության ներքո։ Ծիծեռնակների բերած հարդի մի մասը, վայր թափվելով ոսկեգույն շղթայով, ձգվում էր մկրտության ավազանից մինչև բեմ, մինչև Սուրբ Սեղան, որը զինվորները զարդարեցին զույգ փամփուշտների միահյուսմամբ պատրաստված խաչերով։ Դրանք արցախյան պատերազմի տարիներին ձևավորված յուրօրինակ զինական խաչարվեստի լավագույն նմուշներից էին։