Դժվար է ասել հայ ազատամարտիկներին վերապահված զենքը փախցրած վարձու մի մարդուկի ձեռքո՞վ դու գնացիր, թե՞ օրեցօր ավերվող հայրենիքիդ ցավի կծկումից դողաց ձեռքիդ հրազենը, բայց արդեն խաղաղ ես դու։ Ներսդ տանջող ու ալեկոծող տարիներիդ ցավը բացված մի վերք դարձավ մարմնիդ և գետնեց քեզ՝ հայրենի աշխարհիդ պատմությունը շարունակելու փոխարեն դարձնելով այդ պատմության մի արյունոտ էջը։
Կարճ ժամանակում հարազատացել էիր բոլորին։ Քո խոսքերը մարդկանց ասես հաղորդակից էին դարձնում մեր ազգային շարժման կորած մաքրությանը, ու դու ոչ միայն հայոց երկրորդ հանրապետության նախագահն էիր, այլև ամեն ընտանիքում հարազատացած ազնիվ ու մաքուր մի տղա։ Մեր ժողովուրդը քեզ ճանաչեց, հավատաց ու սիրեց հեռուստացույցով տեսնելով, ու հեռուստացույցին հառած հայացքով էլ հրաժեշտ է տալիս։ Քո ծանոթներից ու մտերիմներից շատերը, որոնց հարազատացար անցնող այս տարիներին, չկարողացան քո կողքին լինել մի վերջին անգամ, որովհետև արկերով հոշոտվող մի երազ է դեռևս երազված միացումը։ Փակ են Արցախ տանող ճանապարհները, կամ էլ յուրաքանչյուր կիլոգրամ ծանրությունը հաշվի մեջ է այդ ճանապարհին։
Երևանում քո ծանոթներն ու մտերիմները, մտովի քեզ ուղեկցելով դրամատիկական թատրոնի շենքից մինչև Հաղթանակի զբոսայգի, ուր հողին հանձնվեցիր, հիշել են նաև մի այլ կարճ ճանապարհ՝ Հադրութում ազգագրական թանգարանից մինչև ձեր տուն տանող ճանապարհը, որովհետև, եթե ծանոթներդ թանգարան էին գալիս, տուն էիր հրավիրում, հպարտանում երկու զավակներիդ ներարկած հայեցի ոգով և ուսումնական առաջադիմությամբ, իսկ եթե տուն էին գալիս, տանում էիր հոգևոր զավակիդ մոտ՝