Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոնթեն։ Նա զգում էր, որ հաջորդ հարվածը իրենց դեմ էր ուղղվելու, և շուտով, քսան միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ, ադրբեջանական բանակը հարձակման անցավ Մաճկալաշենի ուղղությամբ։ Իբրև թիրախ պատահական չէր ընտրված արցախաբույր անվանմամբ այս գյուղը, որի հարևանությամբ վեհորեն կանգնած է Ամարասը։ Մաճկալաշենին տիրանալու դեպքում թշնամին ուղիղ գծով դուրս կգար Կարմիր Շուկա, իսկ այնտեղից էլ ավտոմայրուղին իջնում էր Ստեփանակերտ։ Մաճկալաշենը դարձավ այն կետը, ուր մեծապես վճռվեց Արցախի հետագա ճակատագիրը։ Հակառակորդը, որն արդեն մտովի Ստեփանակերտ էր մտնում, խուճապահար փախավ՝ մարտադաշտում թողնելով այրված զրահամեքենաները։

Շահումյանի ու Մարտակերտի ծանր պարտություններից հետո սկսվեց հոգեբանական բեկումը, և արցախյան բանակը վերստին հավատաց իր զորությանը։

Պաշտպանական մի շարք հաջող մարտեր մղելուց հետո Մարտունու ինքնապաշտպանական ուժերն այնուհետև սկսեցին ճնշել շրջանը կրակի տակ պահող կետերը։ Վերջին գլխավոր փորձությունը դարձավ շրջկենտրոնը օղակած Ամիրանլար, Մուղանլու, Կուրոպատկինո գյուղերից հակառակորդին դուրս շպրտելը։ Կա՛մ թշնամու հավաքական այս որջը պետք է վերացվեր, կա՛մ էլ Մարտունին ընկներ, և Ավոն իրեն բնորոշ ոճով, ճշգրիտ կազմված փայլուն ծրագրով և սրընթաց հարվածով կտրեց Մարտունու վրա կախված սպառնալիքը, և հաջորդ օրը այստեղ բացվեց անսովոր մի խաղաղությամբ։ Երեխաներն ասես վերագտան իրենց մանկությունը՝ հիշելով, որ փողոցները վազվզելու համար են, իսկ տներն էլ միայն թաքստարան ծառայող նկուղներ չունեն, այլև բակեր, ուր կարելի է խաղալ։

Ավոյի ջանքերի և արցախյան կամքի շնորհիվ, իրար հաջորդող ամիսների ընթացքում, Մարտունու շրջանում հետևողականորեն ամրացվեցին պաշտպանական դիրքերը՝ վաղվա հաղթանակների և կորցրածը ետ բերելու հավատը բազմապատկելով ողջ Արցախում։