Շուտով եկավ այդ օրը, և վերստին իր անվեհերությամբ ու ռազմագիտական տաղանդով փայլեց Ավոն։ Քելբաջարի կրակակետերի լռեցման ժամանակ նրան վստահվեց ամենապատասխանատու ուղղությունը՝ առաջ շարժվելով Գետավան-Չարեքտար ավտոմայրաղով՝ հասնել խաչմերուկ և ելնել վեր՝ դեպի Օմարի լեռնանցքը։ Այս գործողությունում ևս նա փայլեց իր ռազմագիտական հանճարով, անօրինակ համարձակությամբ ու անձնազոհությամբ, և եթե մինչ այդ իր մասին լեգենդներ էին հյուսում, ապա այժմ ինքը դարձավ հավաքական կենդանի մի լեգենդ, և, ինչպես ժամանակին զինվորները հպարտացել են, թե իրենք կռվել են Դրոյի, Նժդեհի ու Անդրանիկի կողքին, ապա այսօրվա զինվորների մեծագույն հպարտությունը դարձավ Ավոյի հետ միասին մարտնչելը։
Անտարբեր փառքի բոլոր դափնիներին՝ նա, սակայն, մի սևեռուն նպատակ ուներ՝ լիովին ազատագրված տեսնել Արցախը, որովհետև ոչ միայն տեսականորեն՝ սփյուռքահայի իր ճակատագրով, այլև հենց այս լեռներում էր համոզվել, որ Արցախն է մեր ազգային բոլոր երազների իրագործման նախադուռը։
Նա ոչ թե մեծ քաղաքների աղմկոտ միտինգներում, այլ հրետանային հարվածները տասնապատիկ արձագանքող լեռներում էր գծել Արցախի իրական անվտանգությունն ապահովող սահմանները և իր բոցավառվող կյանքով Մարտունուց մինչև Մարտակերտ ձգվող երկայն աղեղով շարժվեց առաջ, բոցավառվեց այդ ճանապարհին՝ չհասցնելով անցնել այն վերջին լեռնաշղթան, որից հետո երևում էր Արցախի գրավյալ վերջին հատվածը։