Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վտանգը։ Որևէ ցուցադրականություն չսիրող Մեխակը, որպեսզի տնեցիներին գոնե մեկ անքուն և լարված գիշեր պակաս պատճառի, մեկնելու նախորդ գիշերը տանն ասում է, թե գնում է հողամասը ջրելու և բահը ուսին, ռեզինե կոշիկներով՝ գիշերը բախում է ընկերոջ դուռը, այնտեղ թողնում բահը, փոխվում ու հաջորդ օրը դիմավորում Հյուսիսային Արցախի անտառներում, որ այնքան հարուստ են պատմական հիշատակներով՝ Հոռեկ, Եղիշե առաքյալի վանք, Երեք մանկունք, ուր դեռևս արձագանքում էին անցյալի հերոսական դրվագները, որոնց գումարվելու էին մերօրյա քաջագործությունները, և դրանց մասնակիցն էր դառնալու նաև ինքը։ Նա մասնակցում է թե՛ շրջակա հայկական գյուղերն ադրբեջանական օմօնի ոտնձգություններից պաշտպանելուն և թե՛ խորհրդային բանակի քառասուն զինծառայողներին պատանդ վերցնելով՝ Արցախում ծավալված բռնություններին վերջ տալու պահանջով կատարված անակնկալ և հանդուգն գործողությանը, որով կանխվեցին ծրագրված շատ չարիքներ։

Այնուհետև Հաթերքից ճանապարհը վերստին տանում է Հադրութ։ Այստեղ մասնակցում է 91-ի գարնանը տեղահանված գյուղերի ազատագրմանը, ապա նրան վստահվում է Ակնաղբյուրի և գյուղի վրա իշխող Խրմնջուկի բարձունքի պաշտպանությունը։ Մեխակի խնդիրն էր հետ մղել հետևակի հարձակումները և պատասխան կրակ բացել հակառակորդի հրետանային հարվածների ուղղությամբ։ Ավերիչ այս հարվածները հաճախ էին կրկնվում, որոնցից մեկի ժամանակ գրադի արկը ընկնում է տասը երեխա ունեցող Պավելի տան վրա, և զոհվում է նրա մեծ աղջիկը։ Մեխակը Պավելի երեխաների քավորն էր, ու ենթաշրջանում առաջին այս մկրտությունը կատարվել էր նրա շնորհիվ։ Հետևելով կնքահոր՝ սանիկների նկատմամբ ունեցած պատասխանատվության սովորությանը, Պավելի երեխաներից չորսին բերում է Էջմիածին՝ իրենց տուն, ասելով, թե չորս երեխաներիս թող գումարվեն այս չորսն էլ, և նորից մեկնում է Հադրութ։

1992 թ. մայիսի կեսերին թշնամին Շուշիում և Լաչինում կրած պարտություններից հետո փորձում է պատասխան հակահարձակման