...Ինչի մասին որ խոսում էինք Վարդանի հետ, ինչ էլ որ հիշում էր այս երկու տարվա ընթացքում Ղարաբաղում մեր տեսածից՝ վերջում դառնում էինք մեր զրույցի առանցքին՝ զորավար Մանվել Գրիգորյանի կերպարին։
— Գիտե՞ս՝ պատմությունը հետաքրքիր է նրանով, որ իր էջերում ընթացքի միայն արդյունքն է հիշատակում։ Թե ժողովուրդներն այդ արդյունքին ինչ գնով են հասնում, սերունդները չգիտեն։
1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք չենք հիշում, թե այդ տարիներին ցրտից, սովից, համաճարակներից քանի մարդ մահացավ։ Մենք ասում էինք միայն, որ պետականություն էին ստեղծել այդ տարիներին։ Եթե Աստված տա ու ամեն ինչ հաջող լինի, չեն հիշվելու մեր այսօրվա կյանքի դժվարությունները, մեր այսօրվա դժգոհությունները։ Մեր սերունդները հպարտությամբ ասելու են, որ այս ընթացքում մենք բանակ ենք ստեղծել, վերականգնել մեր խորհրդանիշները... Պետություն ենք ստեղծել։ Տառապանքը, դժվարությունները չեն հիշատակվելու...
Հիշենք Դրոյին ու գեներալ Նազարբեկովին։ Վերջինս ցարական բանակի դասական գեներալներից մեկն էր՝ զինվորական դասական կրթություն ստացած, հայտնի՝ զինվորների հետ իր մարդկային վերաբերմունքով... Դրոն ավելի կոպիտ զինվորական էր։ Բայց այսօր մեր պատմության մեջ Դրոն հիշվում է որպես մի զինվորական, որը երբեք մեր հայրենիքի ոչ մի տարածք չհանձնեց։ Գեներալ Նազարբեկովն էլ մնաց պատմության մեջ՝ իբրև մի պատկառելի գեներալ, որը հեծեծալով նայում էր, թե ինչպես է հայկական բանակը հանձնում Ալեքսանդրապոլը...
Ես գիտեմ, թե իմ խոսքերը ինչպես կմեկնաբանվեն ի վերջո... Մանվել Գրիգորյանի մոտ երեք ամսվա փոխարեն ես վեց ամիս մնացի և կարող էի ամենաէժան շահարկումների առարկա դարձնել այս հանգամանքը և փորձել դրա հիման վրա հեղինակություն ձեռք բերել։ Ես համոզված եմ, որ բոլոր այդպիսի հեղինակությունները, թվացյալ հաղթանակները վերջնական արդյունքում վերածվում են ազգային պարտության։ Այնպես որ, պետք է ճշմարտությունն