Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թիկունքն այսպիսով՝ դիրքերին առաջին հերթին թիկունք է լինում իր տներին տեր կանգնող ժողովրդով։ Դիրքերում զինվորները դիմահայաց գծում գտնվող հակառակորդից եթե պաշտպանվում են խորը և ամուր փորված խրամատների ինժեներատեխնիկական կառույցներով, որոնց մեջ բացված դիտակետերից իրենց հայացքն ու կրակային հզորությունների փողերն են ուղղում դեպ հակառակորդը, ապա իրենց թիկունքում էլ զգում են մերձակա բնակավայրերի բնակչության հավաքական շնչառությունը, որը վերածվում է դիրքերը պահելու թիկունքային պատվարի։

Արցախյան պատերազմը եկավ հավաստելու այն իրողությունը, որ դիրքերը ետուառաջ են տրվում ամայի բնակավայրերում, տակտիկական նահանջները և կամ էլ հակառակորդին ներս քաշելով՝ ծուղակի մեջ առնելն իրականացվում են դարձյալ ամայի բնակավայրերում։

Պատերազմի ժամանակ, սակայն, թիկունքից մի հատված հանձնելը հավասարազոր է դառնում հայրենիքի այդ հատվածը ազատագրումից հետո վերահսկվող տարածք դարձնելուն, որովհետև ռազմաճակատի գիծը թիկունքի վրայով այնպես է անցնում, ինչպես զրահատեխնիկայի թրթուրները մարդկային մարմնի վրայով։

Ռազմաճակատի գիծը ետ ու առաջ է տանում բանակը, իսկ թիկունքի գիծը՝ ժողովուրդը։

Թիկունքը, սակայն, միայն մերձճակատային տարածություն չէ, այլև տեղահան եղած ու գաղթական դարձած ժողովուրդը։ Ազատագրված բնակավայրերը ազատագրված հայրենի տարածքից վերստին հայրենիք են դառնում, երբ նորից իրար են գտնում ազատագրված այդ բնակավայրերն ու այնտեղ վերադարձած ժողովարդը։

Այդ բնակավայրերում երեկոյան վառված յուրաքանչյուր ճրագ, քամուց թրթռացող պատրույգ ու բոցեղեն լեզվակ հայրենիքի լույսն էր պատից պատ գցում և ապա տարածում դրսում՝ հասնելով մինչև դիրքերը։