որոնք մեծագույն գնահատանքն ու վարձատրությունն են դարձել պատերազմական ճանապարհներին անցկացրած մեր բոլոր օրերի, շաբաթների, ամիսների և տարիների։
Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո էլի նույն ձևով նայել եմ սահմանամերձ բնակավայրերի լույսերին և տարիների հեռվից ներքին մի վախով մտածում եմ, որ եթե վերստին առիթն ունենամ այդ բարձունքներից նայելու նրանց թիկունքում գտնվող բնակավայրերին, այդ լույսերը որքանով ավելացած կամ պակասած կգտնեմ։
Զինադադարին հաջորդող այս շրջանի գլխավոր ողբերգությունը դարձավ այն, որ պատերազմի ժամանակ ռազմաճակատի գծին զուգահեռ առաջ շարժված թիկունքի գիծն այսօր գնալով նոսրանում է, և աստիճանաբար մեր Հայրենիքից դուրս են սկսում վառվել նաև նրանց լույսերը, ովքեր 1991-1994 թվականների պատերազմական ձմեռներն անցկացրեցին Հայաստանի և Լեռնային Արցախի հանրապետություններում։
Ինչպես որ պատերազմական տարիների մարտական ամփոփագրերում նշվում էին ռազմաճակատի այս կամ այն հատվածի առաջ կամ ետ գնալը, այնպես էլ այսօր մենք պետք է կազմենք թիկունքի գծի ամենօրյա վիճակագրությունը, եթե վաղը ցանկանում ենք պահել այսօրվա դիրքերը։
Պատերազմի ժամանակ դատում են դասալիքներին։ Խաղաղության ժամանակ, սակայն, ոչ թե պետք է մեղադրել արտագաղթողներին, այլ մտածել երկիրն այս վիճակից հանելու մասին։