Եվ նրանք, ովքեր այդ տարիներին ապրել են Արցախի ապագայի մտատանջություններով ու շքեղ երազներով, նրանց համար ԼՂՀ հռչակումից անգամ ավելի քան քսան տարի անց, թերևս, դարձյալ մի երազ է թվում այն, որ Ստեփանակերտին վիճակված էր դառնալու Հայոց երկրորդ պետականության մայրաքաղաքը։
Բոլոր պատերազմներում գլխավոր հարվածը փորձում են հասցնել մայրաքաղաքներին։ Արցախում, սակայն, այդ հարվածը միանգամից սկսվեց հենց Ստեփանակերտից, և այն դարձավ պաշարված հանրապետության պաշարված մայրաքաղաքը՝ որպես ներքևում տարածված մի թիրախ Շուշիի համար։
Շուշիի ազատագրմանը հաջորդած ադրբեջանական բանակի ամառային հարձակումից հետո սկսվեցին օդային ռմբակոծությունները, որոնք մոռացնել տվեցին անգամ Շուշիի ազատագրմանը նախորդող մղձավանջային շաբաթները։
Հակաօդային պաշտպանության համակարգի հստակ կիրառումից հետո Ատեփանակերտն սկսեց փլատակների վերածվել հրետանուց՝ ողջ քաղաքն իր փողոցներով և շենքերով վերածելով մահվան միջանցքների, երբ չգիտեիր, թե քաղաքի որ կետում քեզ կհարվածի հրետանային արկի բեկորը և կամ պայթյունի ավերիչ ալիքը։
Շուշիից և օդային ռմբակոծություններից հետո երրորդ անգամ ստեղծված օրհասական այդ վիճակը հաղթահարվեց հակառակորդի կրակակետերը հեռահար հրետանու ընդգրկած շառավիղի չափ տարածությամբ լռեցնելուց հետո։
Ստեփանակերտն այնուհետև 1993-1994 թվականներին, երբ այլևս ռմբակոծությունների ենթարկվող քաղաք չէր, լիովին դարձավ պատերազմող հանրապետության մայրաքաղաք՝ իր ռազմական հևքով և բանակային հրամանատարական կետերով։
1994 թ. հուլիսի վերջին՝ զինադադարից երեք ամիս անց, երբ զորացրվեցի և Մարտակերտից եկա Ստեփանակերտ՝ զորացրվելուս թղթերը լրացնելու ու Երևան վերադառնալու համար, մի անսովորություն, գրեթե գլխապտույտի զգացողություն ունեցա, որն առավել խորացավ, երբ մտա Պաշտպանության բանակի շտաբ և