դուրս էին թողել, սակայն հաջորդող տարիներն ապացուցեցին, որ այդտեղ եղած հարցադրումները կամ մտահոգությունները ճիշտ էին և առավել սրությամբ արտահայտվեցին զինադադարին հաջորդած տարիներին։
Նաև չեմ կրճատել այն հատվածները, որոնք անցնող տարիների ընթացքում պարզվեց, որ ճիշտ չեն իրենց մի շարք հարցադրումներով և կամ էլ խիստ ու, թերևս, անհիմն մեղադրանքներ են պարունակում Հայաստանի Հանրապետության 1991-94 թթ. քաղաքական ղեկավարների հանդեպ, որի համար տարիների հեռավորությունից հայցում եմ իրենց ներողամտությունը։
Այդ հատվածները չեմ կրճատել, որովհետև դրանք միայն իմ մտածումները չեն եղել, այլ ներկայացնում են ժամանակի կենդանի պատկերը։ Քանի որ այս հոդվածները թե՛ 2004 թ. և թե՛ հիմա տպագրվում են որպես Արցախյան տարիներին վերաբերող սկզբնաղբյուրային նյութ, որպես ժամանակի նկարագրություններ և դեպքերի նկարագրական արձանագրում, ինչպիսին որ էին «Ազգագրական հանդեսի»՝ ժողովրդի կյանքին ու կենցաղին վերաբերող նկարագրությունները, ուստի հրատարակել եմ անփոփոխ։
Այս մոտեցումն էլ պայմանավորեց նաև 1991-1994 թթ. գրված բազմաթիվ հոդվածներիցս համապատասխան ընտրություն կատարելու սկզբունքը։ Ասում են՝ ամենամեծ դատավորը ժամանակն է։ Եվ 2004 թվականին տասնամյա ու ավելի տարիների հեռավորությունից նայելով Արցախյան շարժման և ապա պատերազմի տարիներին տպագրված հոդվածներիս, ամբողջովին դուրս թողեցի 1988-90 թթ. գրված չորս տասնյակի հասնող հոդվածներս, որոնց այդ ժամանակին բնորոշ խանդավառությունն ու հուզամնալիցությունը ծիծաղելի և սենտիմենտալ թվացին պատերազմական դաժան և արյունալից ճանապարհներով անցնելուց հետո։ Դուրս թողեցի նաև վերլուծական և խոհական բնույթի հոդվածները։ Պատերազմից տասը տարի անց զարմանքով պարզեցի, որ ժամանակի քննությանը դիմացել են միայն այն հոդվածները, որոնց գրության հիմքում ընկած էին մեր ժողովրդի կրած տառապանքի, հերոսականության