ու հերոսականությունը միախառնած ու հաղորդած ընթացք, որը մեզ պարտադրում է ամեն օրն սկսել ու ավարտել դիրքերից եկած ամփոփագրերով, որոնք անընդհատ հիշեցնում են մեծ ու փոքր տրամաչափերի տարբեր զինատեսակների գոյությանը ու որոշակի հաճախականությամբ դրանց կիրառումը մեր Հայրենիքի սահմաններում։
Ամեն մի իրականության և պատմական իրավիճակ ունի իր սերունդը և այդ սերնդի անվանումը։ 1988-ի սերնդին, սակայն, վիճակված էր մի քանի անվանում և բնորոշում ունենալ։ 1988-1990 թվականներին նա ազատության սերունդն էր և 1991-ին դարձավ անկախության սերունդը, ապա մինչև 1994 թվականի մայիսը եղավ պատերազմի սերունդը, որ հետո դառնար զինադադարի սերունդը։
Նրանք, ովքեր աչք բացեցին 1988-ին, նախ բնազդաբար ապրեցին իրենց ծնողներից փոխանցված լարմամբ ու սպասմամբ, ծնողների գրկում սեղմվեցին պարետային խուզարկությունների ու տեղահանությունների օրերին, ապա 1991 թվականին իրենց ծնողների հետ մենակ մնացին հակառակորդի դեմ, և սկսված պատերազմը եթե հեղաբեկեց նրանց ծնողների կյանքը, իրենց սկսվող կյանքն էլ գլխիվայր շրջեց՝ դարձնելով մի սերունդ, ով աշխարհին սկսեց նայել նկուղների՝ դեպ վերև բացված պատուհաններից։
Մի սերունդ, որն իր առջև բացվող տեսարանով աշխարհի վրա զարմանալու և այն ընկալելու փոխարեն սկսեց զգուշանալ դիմացից եկող կրակոցներից ու պայթյուններից։
Մի սերունդ, որը կռիվ-կռիվ խաղալու փոխարեն խաղաղությունը երազեց։
Մի սերունդ, ում համար կինոների սարսափներն իրականություն դարձան, իսկ մարդկային խաղաղ կյանքը կինոյի ոչ իրական տեսարան թվաց։
Մի սերունդ, որը մանկության անկրկնելի գույների փոխարեն տեսավ գունաքողարկիչ համազգեստ ու տեխնիկա, մի կյանք, ուր գույնը կենդանի թիրախ էր, իսկ գունաքողարկումը՝ պաշտպանություն թիրախ դառնալուց։