Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես որ իրենց ծնողների համար էր անսովոր սկսված պատերազմը, նրանց համար էլ անսովոր դարձավ ավարտված պատերազմը։ Նրանք, սակայն, ի հաշիվ իրենց խեղված մանկության, իրենց աչքերով տեսան, թե ինչպես է ձեռք բերվում և նվաճվում ազատությունը։

Բարեբախտաբար, մի քանի տարի է, ինչ դպրոցն ավարտող այժմյան սերունդն արդեն ծնվել է զինադադարից հետո։ Այս սերնդի համար պատերազմը և անցյալ է, և ներկա։ Անցյալ է մի ժամանակ բնակավայրերում պայթած արկերով և օդից նետված ռումբերով, դպրոցական կրճատված պարապմունքներով և այսպես շարունակ։

Պատերազմը Ձեզ համար անցյալ է Ձեր բնակավայրերից դեպ Ստեփանակերտ և այնտեղից Երևան ու Երևանից աշխարհին բացվող ճանապարհներին։

Պատերազմը, սակայն, ներկա է ոչ միայն զոհվածների չսպիացած կորստյան ցավերով, այլև գյուղամիջյան ճանապարհներից դեպ հանդերը գնալիս, որտեղից երևում են մեր ու հակառակորդի դիրքերը։

Պատերազմը ներկա է խաղաղության առերևույթ հանգստի ներքին լարմամբ, ուր ամեն դիրքի ուղղությամբ արձակված կրակոցը արձագանքվում է ողջ սահմանի երկայնքով։

Պատերազմը ոչ թե վերհուշ, այլ կենդանի մի արձագանք՝ ներկա է ազատագրված բնակավայրերի ճանապարհներին՝ որպես խփված զինվորների հուշաքարեր և այնտեղ անշարժացած այրված զրահատեխնիկա։

Պատերազմը Ձեր կյանքում ներկա է նաև մեր՝ ողջերիս ապրած կյանքի պատերազմական տարիներով։

Հիմա ամեն ուսումնական տարվա ավարտին կյանք եք մտնում Դուք, որ թեև չեք տեսել պատերազմը, սակայն ծնունդն եք պատերազմական սերնդի։

Պատերազմական սերունդը Երևանից մինչև Ստեփանակերտ, Ճամբարակից մինչև Թալիշ գիտեր, թե որն է իր անելիքը և խնդիրները։